15-10-2014 13:01

Եռյակը ՀՀ ԱԺ-ում պետք է սկսի Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու գործընթացը.Զ.Փոստանջյան

«Մշակել եմ միացյալ հարթակի օրակարգը, որը պետք է ընդունի եռյակը, եթե այն ազնիվ է ու արդար»,-այսօր հարվիրված ամուլի ասուլիսի ընթացքում նշեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Բանախոսը նշեց, որ հանրահավաքին չհրապարակվեց հարթակի միասնական օրակարգը և այն քայլերը, որ ենթադրվում են՝ այդ օրակարգը իրականացնելու համար։ «Հաջորդ հանրահավաքին տեսնենք զարգացումներն ինչպիսի՞ն կլինեն, արդյո՞ք կհրապարակվի օրակարգը և կնշվի իրականացման քայլերի հաջորդականությունը»,-նշեց Զարուհի Փոտանջանն ու հավելեց. «Սա իմ կարծիքն է, որը ես հրապարակել եմ և կարծում եմ, որ միասնական օրակարգը պետք է անդրադարձ կատարի այս հարցերին: Մատչելի ներկայացրել եմ այն նվազագույն հարցերը, որոնք պետք է ունենա այդ միասնական հարթակը»: Ներկայացնենք ընդդիմադիր գործչի առաջարկը.
«Եռյակը պետք է ձևավորի միացյալ հարթակի օրակարգը, որն առաջիկա օրերին պետք է հրապարակի, ինչն էլ իր հերթին նվազագույնը պետք է ներառի ձևավորված քաղաքական և տնտեսական մենաշնորհային համակարգի ամբողջական փոփոխության ծրագիր և ապագա քաղաքական իշխանության գործունեության հիմնավորում` հասարակության պահանջների արտացոլմամբ:

1. «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները ՀՀ ԱԺ-ում պետք է սկսեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու գործընթացը:

2. ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործների և հետամուտ է լինելու նրանց քրեական հետապնդմանը և օրինական դատավճռով ազատազրկմանը, ինչը պետք է վերահաստատվի նաև ՀԱԿ-ի և «Ժառանգության» կողմից:

3. Ապօրինի սեփականաշնորհված և ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձ պետությանը: ՀՀԿ-ում ԲՀԿ-ում և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների ապօրինի ձեռք բերած ունեցվածքի վերադարձ պետությանը:

4. Հակակշռող և զսպող օրենքների ընդունում, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում, լյուստրացիայի մասին օրենքի ընդունում, ընտրական օրենսգրքի փոփոխություն:

5. Բոլոր այն դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում և դատապարտում, ովքեր ներգրավված են եղել քաղաքական հետապնդումների գործերում:

6. Ոստիկանության, ԱԱԾ-ի և բանակի բոլոր պաշտոնատար անձանց հետապնդում և դատապարտում, ովքեր մասնակիցն են եղել քաղաքական սպանությունների, հետապնդումների, հալածանքների և բռնաճնշումների:

7. Ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում, որը կգործի առավելագույնը վեց ամիս և կիրագործի վերոնշյալը` մինչև օրինական իշխանության ձևավորում:

8. Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում:
Անդրադառնալով այն հայտարարություններին, որ «Ժառանգությունը» եռյակում հավակնություններ չունի, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հենց «Ժառանգությունը» մեծ հավակնություններ ունի, քանի որ երբեք այս կամ այն իշխանության հետ գործարքի մեջ չի եղել ու եղել է ժողովրդի հետ ու ժողովրդի կողքին: