Բավ է պառակտվել
10-09-2015 14:49

ԵՏՄ-ն որևէ կապ չունի անվտանգության հետ, դա տնտեսական բլոկ է. Շավարշ Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵՏՄ շրջանակներում սահմանային լարվածության հարցը չի քննարկվել, քանի որ ԵՏՄ-ն որևէ կապ չունի անվտանգության հետ: «Չի բարձրացվել այդ հարցը, քանի որ դա մաքուր տնտեսական բլոկ է: Իսկ ՀԱՊԿ վեհաժողովը նախագահների մակարդակով լինելու է սեպտեմբերի 15-ին, և ինչպես դուք լսեցիք, դրա մասին ասաց նաև մեր նախագահը՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, այնտեղ ևս այդ հարցի մասին կխոսվի»,- ասաց Շ.Քոչարյանը: Հարցին, թե ի՞նչ է ՀԱՊԿ-ից ակնկալում Հայաստանը, փոխնախարարը նշեց, որ մեր անվտանգության ու պաշտպանության հարցում առաջին հերթին հույսը պետք է դնենք մեզ վրա: «Ինչ վերաբերում է դաշնակից երկրների աջակցությանը կամ պայմանագրային պարտավորությունների կատարմանը, դա այլ բան է: Բայց մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ որևէ երկիր, եթե իր պաշտպանության հույսը դնում է ուրիշի վրա, ներողություն, դա կարող է շատ տխուր ավարտ ունենալ»,- նշեց Շ.Քոչարյանը: Դիտարկմանը, թե Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը Սերժ Սարգսյանը հիմնավորում էր նախ և առաջ անվտանգության երաշխիքով, փոխնախարարը շեշտեց, որ ԵՏՄ-ն որևէ կապ չունի անվտանգության հետ, դա տնտեսական բլոկ է: «Տնտեսական միավորի հետ կապել քաղաքական անվտանգության հարցը, դա ճիշտ չէ: Անվտանգության բաղադրիչը կայանում է նաև նրանում, որ քո տնտեսությունը շնչի, և այն մրցավազքը, որ կա սպառազինությունների, դու կարողանաս դրան դիմանալ: Դրա համար քեզ պետք են այնպիսի դյուրին հնարավորություններ՝ ապրանքները դուրս բերելու, առևտրի համար, որոնք հնարավորություն կտան, որ քո բյուջեն ի վիճակի լինի այդ ծախսերը կրելու: Այդ տեսակետից ԵՏՄ անդամակցությունը մեզնից չէր պարտադրում երկարատև ժամանակ՝ հարմարվելու համար, որպեսզի դու կարողանաս այդ գործընթացն իրականացնել»,- ընդգծեց Շ.Քոչարյանը:

Հարցին, թե արդյոք նախագահներ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված զիջումների հարցը, Շ. Քոչարյանն ասաց, որ զիջումների մասին խոսք լինել չի կարող: «Ի՞նչ զիջման մասին կարող է խոսք լինել: Կա գործընթաց՝ Մադրիդյան գործընթաց, կան համանախագահների հայտարարություններում դրա տարրերը, և դա մենք ընկալում ենք որպես մեկ միասնական փաթեթ, որտեղ կա և Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և անվտանգության երաշխքիների, և այլ հարցեր: Քանի որ Ադրբեջանը շեշտադրումը դնում է միայն այն հարցերի վրա, որն իրեն է ձեռնտու, այդ պատճառով առաջընթաց չկա և չի լինի այնքան ժամանակ, քանի Ադրբեջանն այդպես կվարվի: Իսկ խոսել միակողմանի զիջումների մասին, ուղղակի տարօրինակ է»,- ասաց Շ. Քոչարյանը: