20-01-2015 09:31

Կիպրոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ փոխնախարարին

Հունվարի 19-ին ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Գեորգիոս Կասուլիդիսը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշեց, որ պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-կիպրական հարաբերություններն ամուր հիմք են հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար: Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց կիպրոսցի դիվանագետին իր ապագա առաքելության հարցում՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կասուլիդիսը նշեց, որ Կիպրոսում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին և Հայաստանին ու հատուկ կարևորություն են տալիս երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Նա վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Կիպրոսի միջև համակողմանի փոխգործակցության դինամիկ զարգացումն առաջ մղելու համար: Զրուցակիցները մանրամասնորեն քննարկեցին հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր: Անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: