16-08-2014 12:56

Ադրբեջանը հասկացել է, որ ռազմական գործողություններով իրավիճակը չի փոխի. քաղաքագետ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Ադրբեջանի հետ սահմանին օգոստոսյան վերջին օրերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի քարոզչական եզրը, թե Ադրբեջանի ռազմաբազան ավելի մեծ է, քան ամբողջ Հայաստանի բյուջեն, արդյունք չի տալիս, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ դոմինանտ: Ըստ նրա, Ադրբեջանը հասկացել է, որ ռազմական գործողություններով չի կարող իրավիճակ փոխել:

Քաղաքագետը հավելեց, որ հայկական կողմի ռազմական հաջողությունը և նաև կորուստները հենց այնպես չպետք է անցնեն և պետք է ազդեցություն ունենան բանակցությունների վրա:

«Մենք այսօր խնդիր ունենք քարոզչական տեսակետից ֆիքսելու, որ Ադրբեջանում փորձում են վերացնել հասարակական այն զանգվածը, որը կարող է հասարակական դժգոհություններ առաջացնել իշխանությունների նկատմամբ»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով. «Եթե մենք այս պահը կորցնենք, պետք է ասել, որ իզուր էին բոլոր զոհերը»:

Հարցին, թե արդյոք սահմանային լարվածության նվազումը պայմանավորված է Սոչիում կայացած երեք նախագահների հանդիպմամբ, պատասխանեց. «Միանշանակ համոզված եմ, որ Սոչիում Ալիևին հասկացրել են, որ ռազմական գործողությունները իմաստ չունեն: Սոչիում ընդամենը դիվանագիտական ձևակերպումն է եղել այն իրողության, որ Ադրբեջանը ռազմական գործողություններով ոչինչ չի կարող անել, միայն կվտանգի իր անվտանգությունը»:

Քաղաքագետը նաև նշեց, որ Ադրբեջանը տեսավ, որ հայկական կողմը պատրաստ է պատերազմի, և հասկացան, որ որևէ առումով Ադրբեջանը հայկական կողմի հետ ունակ չի պայքարելու: