Բավ է պառակտվել
26-10-2015 12:23

Ընտրությունների շեմին դիրքային պատերազմը կարող է խորանալ.Գ. Այվազյան

Մերձավեր Արևելքը, որի մի մասն են կազմում նաև Հայաստանը և Ադրբեջանը, դարձել է գերտերությունների առճակատման տեղ և այժմ պարզապես եռում է պատերազմական գործողություններում:
« Ով կկարծեր, որ Սիրիայի հայկական համայնքը մի օր այսպիսի վտանգի տակ կհայտնվի»,- այսօր այս մասին նշեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանային տևական լարվածության մասին, ադրբեջանագետը նշեց, որ Ալիևը այժմ գնում է սադրիչ քայլերի՝ ստանալով իր մեծ եղբոր՝ Թուրքիայի աջակցությունը:
« Վերջերս Թուրքական ռազմական ուղղաթիռները հատուկ խախտել էին Հայաստանի օդային սահմանը, որպեսզի դրանով խրախուսեն ադրբեջանի ագրեսիան»,- նշեց բանախոսը, և շեշտեց, որ հայկական կողմը պետք է հետևի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և կարողանա ճիշտ կողմնորոշվել այս թոհուբոհում.
«Թուրքիան վաղ թե ուշ փլվելու է և մենք պետք է մեր ուժերը կենտրոնացնենք, որ ստեղծվելիք քրդական պետությունը չկառուցվի հայկական պատմական հողերի վրա»:
Բանախոսը նշեց, որ այժմ Թուրքիայում 40 միլիոն քուրդ կա և թուրքական իշխանությունների համար հեշտ չի լինելու դիմակայել նրանց:
Գրիգորի Այվազյանը ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը կախված է նաև մի շարք այլ հանգամանքներից. Շուտով Հայաստանում տեղի է ունենալու Սահմանադրական փոփոխությունների փաթեթի հանրաքվեն,իսկ Ադրբեջանում սպասվում են Միլի մեջլիսի ընտրություններ.
«Հիմա արդեն կարելի է ասել, որ հաշվի առնելով Ադրբեջանում գոյություն ունեցող «ժողովրդավարությունը», կարելի է կանխատեսել, որ Ալիևի իշխող կուսակցությունը կտանի շռնդալից հաղթանակ՝ ստանալով 80% ձայներ, և դա է՛լ ավելի կամրապնդի Ալիևի բռնապետությունը»:
Գ. Այվազյանը նաև նկատեց, որ Ալիևը, հաշվի առնելով իր բանակում տիրող սարսափելի վիճակը, պետք է կրկին շարունակի օգտագործել Ղարաբաղյան հարցը՝ իր դիրքերը պահելու համար.
«Ներկայիս դիրքային պատերազմը կարող է խորանալ և ինչքան նրանք անպատիժ մնան, այնքան ավելի սանձարձակ պահվածք են դրսևորելու»,- եզրափակեց բանախոսը:

Մարինե Բարսեղյան