14-09-2015 17:32

Ընտրիչների ինստիտուտ չի լինի. Լ Մարտիրոսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության և պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանը այսօր կայացած ասուլիսին ասաց, որ վաղը ԱԺ լիագումար նիստում սկսվելու է Սահմանադրության փոփոխության նախագծի քննարկումը:
«Ենթադրում եմ, որ հետաքրքիր է լինելու: Առաջին իրական քննարկումն է լիագումար նիստում: Մեծ ակնկալիքներ ունեմ այդ քննարկումներից: Իսկապես կարևորագույն խնդիր է դրված մեր հասարակության, պետության առջև, եթե փոփոխություններն անցնեն, մենք թևակոխելու ենք զարգացման նոր փուլ, անցնելու ենք խորհրդարանական
Կառավարման համակարգի , որը իմ խորին համոզմամբ չափազանց դրական արդյունք է ունենալու: Աշխարհում չկա խորհրդարանական համակարգ ունեցող որևէ երկիր, որը ժողովրդավարական առաջադեմ երկիր չլինի և հակառակը նախագահական կամ կիսանախագհական երկրների մեծ մասը՝ ոչ դեմոկրատական երկրներ են:
Փոփոխությունները կարևոր են նաև այն առումով, որ մեր հասարակությունը՝ իմ խորին համոզմամբ, հասել է մի մակարդակի, որ արդեն պատրաստ է խորհրդարանական կառավարման համակարգի անցմանը : Սա բարձրացնելու է կուսակցությունների և հասարակական խմբերի դերը մեր կյանքում»:
Բանախոսը հույս հայտնեց, որ քննարկումները լավ կընթանան և Սահմանադրության փոփոխված նախագիծը այս տարի արդեն կդրվի համաժողովրդական հանրաքվեի:
Լ. Մարտիրոսյանը հայտնեց, որ հանձնաժողովը արդեն իսկ նախագծից հանել է հանրապետության նախագահի ընտրության կարգին վերաբերող դրույթը, ըստ որի, բացի ԱԺ 3/5-րդից պետք է ընտրվեր նաև ընտրիչների միջոցով.
« Դրա անհրաժեշտությունը չկար, բոլորը խոսեցին դրա դեմ, որովհետև ընտրիչներիը պետքէ ձևավորվեին տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Դա արվում էր Հանրապետության նախագահի լեգիտիմությունը բարձրացնելու համար, բայց այս կերպ հակառակ պրոցեսը կլիներ, քանի որ պարզ չէ, թե ինչպես էին ընտրվելու ընտրիչները, ովքեր են լինելու և ինչու են հենց իրենք լիազորված լինելու վճռել, թե ով է լինելու պետության գլուխը»:

Մարինե Բարսեղյան