Բավ է պառակտվել
03-10-2014 14:41

Ընդդիմությունը ցանկանում է իշխանության գալ. Վ. Բաղդասարյան

Այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, թե իրեն զարմացնում է, որ մարդիկ հանրահավաք են կազմակերպում մի օրակարգով, որը կազմված է սահմանադրական բարեփոխումների քննարկումից եւ կառավարությանը ներկայացրած 12 պահանջներից, այնուհետեւ տեղում կարող են փոխել օրակարգը՝ հավելելով իշխանափոխության հարցը:
«Ինձ զարմացնում են մարդիկ, որոնք հանրահավաք են գնում մի օրակարգով, իսկ տեղում կարող են փոխել այն՝ հայտարարելով, որ օրակարգը ձեւավորում է ժողովուրդը: Միթե Հայաստանի երեք մլն բնակչությունը բարձրացրել է այդ հարցը»,- հավելել է Բաղդասարյանը:
Բաղդասարյանը նշեց, որ ժողովրդի մի մասը դժգոհ է եւ ընդդիմադիր ուժերի կողմնակից, ու բնականաբար, եթե նրանց նախընտրելի կուսակցությունները հայտարարում են իշխանափոխության անհրաժեշտության մասին, նրանք կմիանան պահանջին. «Միեւնույն ժամանակ, ՀՀԿ-ի կողմնակիցներն ավելի շատ են, ինչի վկայությունն է այն, որ մենք խորհրդարանական մեծամասնություն ենք, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը իշխանափոխություն չի պահանջում: Պարզապես ընդդիմությունը ցանկանում է իշխանության գալ, առաջին դեմք դառնալ, իսկ առաջին դեմքերի համար շատ տեղ չկա», - ասել է Բաղդասարյանը եւ հավելել, որ Ժողովուրդը հանրահավաքին կհասկանա՝ ինչի համար են իրեն դուրս բերել փողոց. «Ընդդիմությունն ասելիք չունի հանրահավաքին, նրանց բառապաշարն ու գաղափարները սպառվում են: Նրանք սկսում են ժողովրդի ականջին հաճո բառեր ասել: Մարդիկ ալկոհոլի ազդեցության տակ հայտարարություններ են անում՝ ցույց տալով իրենց մակարդակը»: