Բավ է պառակտվել
18-11-2014 20:42

Երկխոսությունը մերժում են նրանք, ովքեր ասելիք ու անելիք չունեն քաղաքական դաշտում.Շարմազանով

Առհասարակ քաղաքական երկխոսության մերժումը դրական երևույթ չէ, և երկխոսությունը մերժում են նրանք, ովքեր ասելիք ու անելիք չունեն քաղաքական դաշտում. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի մոտ 12 կետերի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդակցությանը, որին չէր մասնակցում միայն «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը։
«Մերժումը մարգինալ ուժերի գործելաոճն է, սա ես չեմ ասում»,– ասաց ԱԺ փոխնախագահը՝ ավելացնելով, որ եթե քաղաքական ուժը մի փոքր մտահոգվում է երկրում բարեփոխումների, ոչ թե իր դերակատարումն ավելացնելու մասին, ապա նա պետք է գնա երկխոսության:
«Երկխոսությունը նրա համար է, որ իշխանությունն ու ընդդիմությունը մոտեցնեն իրենց դիրքորոշումները հասարակության համար կարևոր խնդիրների ուղղությամբ: Եթե դու ուլտիմատումեր ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա մարգինալության նշան է»,– նշեց նա:
Հարցին, թե ուշացած չէ՞ քառյակի 12 կետերի շուրջ երկխոսության առաջարկով հանդես գալը, նա պատասխանեց, թե ուշացած չէ, որովհետև երկխոսությունը երբեք ուշացած չէ: «Այս քայլով կառավարությունն ու իշխանությունը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնում նստել, քննարկել, գտնել ընդհանուր եզրեր: Սա չի նշանակում, որ 12 կետերն էլ միանգամից պետք է կատարվեն կամ չկատարվեն, քաղաքականությունը կլոր սեղանի տրամաբանություն ունի»:
ԱԺ փոխխոսնակի պնդմամբ՝ նախապայմաններ պետք չէ դնել և որպես օրինակ նա բերեց արտաքին քաղաքականության մասով իրենց մշտական պնդումները, որ Թուրքիան չպիտի խոսի նախապայմանների լեզվով, իսկ ներքաղաքական կյանքում նախապայմաններ դնում են:
Էդուարդ Շարմազանովի համար նաև տրամաբանական չէ այն պայմանը, որ պետք է սկսել Ընտրական օրենսգրքի փոփոխությունից. «Կան 12 կետեր, և կառավարությունն ու իշխանությունը պատրաստակամություն են հայտնել ճանապարհային քարտեզ մշակել և աստիճանաբար քննարկելով հասնել նաև այդ կետին: Բայց միանգամից ասել՝ եթե սենց չի, սենց ա, սա քաղաքականության լեզուն չէ»: