09-07-2018 21:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է ներկայացրել, այդ մասին նա աշխատանքային օրվա ավարտից հետո հայտնեց քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

Մարգարյանի՝ շատ համառոտ ուղերձում գրված է․ ֊ «Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է»։

Երևանի հեռացող քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել ավագանու իր գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար։

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի առանցքային անդամներից մեկը հանդիսացող Տարոն Մարգարյանի հրաժարականի ուղերձում ոչինչ նշված չէ իր հեռանալու պատճառների մասին՝ արդյոք դա իր անձնակա՞ն, թե՞ կուսակցական որոշում է, կամ պայմանավորված է բոլորովին այլ պատճառով։

Այսօր ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս գալիս ավագանու հանրապետական անդամ Ռոզա Սիրունյանը լրագրողներին հայտնեց, որ ավագանու հանրապետական անդամները հրավիրված են եղել քաղաքապետարան՝ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման, որի ընթացքում քաղաքապետը նրանց շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար։

Սիրունյանի կարծիքով՝ Մարգարյանը մեծ ծառայություններ է մատուցել Երևանին։ ֊ «Եվ կարծում եմ՝ ինքը նույնիսկ հրաժարական էլ տա, շարունակելու է մնալ մի մարդ, որը մտածում է այս քաղաքի մասին», ֊ կարծիք հայտնեց նա:

Ավագանու հանրապետական անդամն ասաց, թե տեղյակ չէ մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, որ Երևանի՝ հեռացող քաղաքապետը դոլարային միլիոնների հասնող ունեցվածքի սեփականատեր է, թեև երկար տարիներ զբաղեցրել է միայն պետական պաշտոններ: ֊ «Իսկ ինչո՞ւ ենք անպայման նայում, որ նա իրավունք չունի ունենալու: Տարոն Մարգարյանը, հնարավոր է, որ ունի բիզնեսներ, որոնց միջոցով կարող է ունենալ դա», ֊ կարծիք հայտնեց Սիրունյանը:

Այսօր քաղաքապետի հրաժարականի մասին օրվա ընթացքում հայտնում էր նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը, մանրամասնելով, թե Տարոն Մարգարյանը փոխքաղաքապետերի, վարչության պետերի և մի շարք այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հեռանում է, սակայն ողջ օրվա ընթացքում քաղաքապետարանի լրատվության վարչությունից այս տեղեկությունը չէր հաստատվում, թեև քաղաքապետարանի նախասրահում ժամեր շարունակ հավաքված էին տասնյակ լրագրողներ։

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանից տեղեկացանք, որ Մարգարյանը ո՛չ «Ելք»֊ին, ո՛չ «Երկիր Ծիրանի»֊ին չի հրավիրել այդ հավաքին:

«Տեղի է ունեցել, այսպես ասած՝ հրաժեշտի երեկո քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակազմի և Հանրապետական խմբակցության միջև: Մեզ հասան խոսակցություններ, որ քաղաքապետը բոլորին հայտնել է իր հեռանալու մասին և պահանջել է ոչ մեկին չլքել իրենց աշխատանքը և շարունակել ծառայել Երևանին», ֊ մանրամասնեց նա։

Քաղաքապետի հրաժարականից հետո՝ առաջիկա երեք օրերին, ավագանին պետք է նիստ գումարի և նշանակի արտահերթ ընտրություններ: Եթե ընտրությունների համար նիստը գումարվի և երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի որևէ թեկնածու չառաջադրվի, կամ առաջադրված թեկնածուն չհավաքի բավարար ձայներ, ապա Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունները և նշանակվում են արտահերթ ընտրություններ: