06-12-2015 20:35

ՀՀ-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասնակցությունը կազմել է 50.51%

Սահամանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեին ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է 1 296 368 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50.51 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Կիրակի մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ Ժամը 08։00–ից երկրի ողջ տարածքում բացվել է 1997 ընտրատեղամաս։ Քվեարկությունն ավարտվել է ժամը 20։00–ին։ «Երևանում ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է 1 296 368 ընտրող, ինչը կազմում է քվեարկողների ընդհանուր թվի 50.51 տոկոսը», – հայտնեց Մուկուչյանը լրագրողներին։  Մուկուչյանի խոսքով` Արագածոտնի մարզում քվեարկել է ընտրողների 53,26 տոկոսը (61 451), Արարատում` 66,33 տոկոսը (144 452), Արմավիրի մարզում` 55,63 տոկոսը (127 701), Գեղարքունիքի մարզում` 52,69 տոկոսը (98 993), Լոռիում` 46,23 տոկոսը (110 054), Կոտայքում` 52,24 տոկոսը (123 044), Շիրակի մարզում` 41,28 տոկոսը (95 171), Սյունիքի մարզում` 61,2 տոկոսը (66 786), Վայոց Ձորում` 57,96 տոկոսը (27 327) և Տավուշի մարզում` 48,30 տոկոսը (52 883)։ Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։ Հանրաքվեին հետևում է ավելի քան 3 հազար դիտորդ` տեղական 18 կազմակերպություններից։ Միջազգային վեց դիտորդական առաքելությունների թվում քվեարկության հետևում են ԱՊՀ Մոնիտորինգի հանձնաժողովի 44 դիտորդներ, ԱՊՀ ՄԽՎ–ի 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ–ների 33 ներկայացուցիչ, ԵԽԽՎ–ի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 5 դիտորդ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։ Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։ Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։ Նոր նախագծով` նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուներից մեկին։  Քվեարկության ընթացքին հետևել են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։