13-02-2016 14:29

Ես չեմ պատրաստվում լքել քաղաքական ասպարեզը. Արմեն Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր պաշտոնից հրաժարական տալուն: Նա նախ շնորհակալություն հայտնեց բոլորին իրենց գնահատականների համար:
«Իհարկե եղան նաև քննադատություններ, բնական է՝ քաղաքական գործչի մասին անգամ լավը չեն խոսում, եթե բոլորիցս հեռու նա մահացել է, ես չեմ մահացել և չեմ մահանալու քաղաքական դաշտում տեսանելի ապագայում, իհարկե, Տիրոջ կամքով»,-ասաց նա:
Նախարարը նշեց, թե կարծում է, որ միշտ պետք է պատրաստ լինել քաղաքական գործընթացների շրջանակներում նոր էջ բացելուն: «Ես այդ էջը իմ թիմով, աշխատանքով այս յոթ տարիների ընթացքում բավականին խիտ եմ գրել և այդ էջը բավականին ծանր է իր աշխատանքային ծավալի իմաստով, սակայն թերթել հարկավոր էր և ես քաղաքական գործընթացների շրջանակներում ես այդ էջը թերթել եմ հոգեբանորեն, իրավաբանորեն՝ ոչ, որովհետև դեռ նախարար եմ»,- ասաց նա և նշեց , որ աշխատում են մինչ այն պահը, երբ 2009 թվականին նախագահի նշանակած նախարարը 2016 թվականին նախագահի հրամանագրով կազատվի աշխատանքից:
«Որևէ անձնական, քաղաքական կամ մասնագիտական ճգնաժամ հոգուս մեջ չկա, ճիշտ հակառակը կարծում եմ, որ ամենապատեհ ու ամենալավ պահն էր պատրաստ լինել դուրս գալ կոմֆորտի զոնայից»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքը դեռ երիտասարդ է, և պատրաստվում է այդպիսին մնալ գոնե հոգեբանորեն և դեռ երկար տարիներ: «Պետք է պատրաստ լինել ճեղքել հարմարավետության գոտին, և նոր մարտահրավերների դիմակայել: Քաղաքական գործընթացները սիրել եմ, սիրում եմ, բազմիցս այս 7 տարիների ընթացքում մամուլն անդրադարձել է ոչ միայն որպես կրթության նախարար, այլև քաղաքական գործչի, նաև քննադատել է այն պատճառով, որ երբեմն տարակուսել է` խոսում է թե՛ Աշոտյան նախարարը, թե՛ Աշոտյան քաղաքական գործիչը»,-ասաց և նշեց, որ այդ տեսակետից քաղաքականությունը սիրում է, քաղաքականությունն է բերում գործադիր, օրենսդիր իշխանության:
Հարցին, թե նեղացած չէ դաշնակներից, նա ասաց. «Ես դաշնակցության մեջ ունեմ շատ ընկերներ: 2009 թվականին, երբ ստանձնեցի պորտֆելը Սպարտակ Սեյրանյանից, մենք բազմիցս իր հետ հանդիպել, աշխատել ենք սահուն փոխանցում կատարել: Համակարգն այնպիսին է, որ քաղաքական պատկանելությունը նշանակություն կարող է ունենալ դետալների մեջ»,- ասաց նաև և ավելացրեց, որ ռազմավարական առումով, եթե հետևեք Հայաստանի կրթական բարեփոխումներին վերջին 15-20 տարիներին, քաղաքական պատկանելությունը չի ազդել քաղաքական նպատակների վրա:
«Ինչ վերաբերում է նեղացածությանը` ինչպես ճիշտ կատակեցի դաշնակցական շրջապատում` Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած»,– ասաց նա՝ ավելացնեոլվ, թե մամուլը գուժել է նրա հրաժարականը 2012, 2014, 2015 թվականներին: 
«Միշտ հոգեբանորեն պատրաստ եմ: Դա չի նշանակում, որ չեմ սիրում իմ աշխատանքը, չի նշանակում, որ չեմ կապվել կոլեկտիվի, ոլորտի հետ ու չեմ պատրաստվում ոլորտը լքել, որովհետև չեմ կարող լքել մի ոլորտ, որտեղ 7 տարի ավելի շատ եմ եղել, քան տանը»,– ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է իր աշխատանքային գործունեության շարունակությանը, նախարարը չպատասխանեց, իսկ ֆեյսբուքյան ակտիվության վերաբերյալ ասաց.«Իմ հետևորդների թիվը շատանում է, արդեն 66 հազար է, ուզում եմ իրականում շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնց հետաքրքիր է ինձ հետ, նույն ակտիվությամբ լինելու եմ»: