11-07-2014 13:36

Խնդիրը ոչ թե հայ-թուրքական սահմանի բացումն է, այլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը. Հ. Չաքրյան

Առաջիկայում Թուրքիայում սպասվում է նախագահական ընտրություն: Առաջադրված երեք թեկնածուներից թուրքագետ Հակոբ Չաքրյանը հավանական է համարում Ռեջեփ Էրդողանի ընտրվելը: Այս անգամ Թուրքիայի նախագահական ընտրությունները տարբերվում են նախորդից: Եթե նախկինում խորհրդարանն էր նախագահ ընտրում, ապա այս անգամ, օգոստոսի 10-ին՝ կընտրի ժողովուրդը:

Ըստ բանախոսի այսօր Թուրքիայի ներքաղաքական կյանքում ամենակարևորների շարքում է քրդական համայնքի հարցը: Պետական մարմինների ներկայացուցիչների միջոցով Էրդողանն այսօր բանակցություններ է վարում Օջալանի հետ, որի մանրամասները թերևս հայտնի չեն:

Թուրքագետը փաստում է, որ Էրդողանն արդեն իսկ սկսել է իր քարոզարշավը: Ըստ նախնական տվյալների վերջինիս հավաքած ձայները կկազմեն մոտ 63 տոկոս, իսկ նախագահ ընտրվելու համար բավարար է անգամ 51-ը:
Բանախոսը փաստում է, որ նախագահի թեկնածուներից մեկը՝ Էկմելեդի Իսանօղլուն լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Էրդողանի՝ հայ ժողովրդին ուղղված վշտակցությանը, նշել է, թե միայն վշտակցելով Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրներին լուծում չի տրվի: Հարկավոր է ավելին: Սակայն նկատում է, որ սա առաջին դեպքն է, երբ թուրք քաղաքական գործիչները հիշում են Հայոց ցեղասպանության մասին, իսկ նախկինում մյուս գործիչները, ավելին, այդ իրադարձությունների համար հայերին են մեղադրել:
Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, թե հայ-թուրքական սահմանը շուտով բացվելու է, թուրքագետը նշեց, որ նման խոսակցություններ բազմիցս են եղեն: Այստեղ խնդիրը սահմանի բացումը չէ, այլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: