10-03-2015 16:00

ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը լեգիտիմ չէ առանց ՀՀ մասնակցության

ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը չի կարող լեգիտիմ լինել առանց Հայաստանի մասնակցության: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հանդիպումը, որը նախատեսված է մարտի 12-13-ին Աստանայում: Այդ հանդիպման ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես եվրասիական ինտեգրացիոն գործընթացները: «Անկեղծ ասած, ես դեռեւս չեմ կարող որեւէ բան ասել այդ առթիվ, ուստի կխուսափեմ մեկնաբանությունից: Բայց եթե այդ հանդիպումը տեղի է ունենում ԵՏՄ շրջանակներում, ապա այդ քննարկումները չեն կարող լինել առանց Հայաստանի մասնակցության: Չգիտեմ ովքեր են հավաքվելու այդ հանդիպմանը եւ ով է այդ մասին խոսում, բայց ԵՏՄ օրենսդրության համաձայն,ԵՏՄ անդամների հանդիպումն առանց Հայաստանի բացառվում է»,-ասել է Հարությունյանը: Նա նաեւ նշել է, որ միջազգային տեսանկյունից հանդիպման նման ձեւաչափը չի կարող լեգիտիմ համարվել: