14-11-2014 18:01

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի բոլոր անդամները վերընտրվել են

Վաշինգտոն- 2014թ.-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի բոլոր անդամները վերընտրվել են,- հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայամետ թեկնածուների բացարձակ հաջողության ցուցանիշը երբևէ եղածներից ամենաբարձրն է: «Մենք շնորհավորում ենք Կոնգրեսում մեր բոլոր ընկերներին իրենց վերընտրվելու կապակցությամբ»,- նշեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Այն մարտահրավերները, որոնց մենք հանդիպելու ենք հաջորդ Կոնգրեսում, կպարտավորեցնեն մեզ կրկնապատկել մեր ջանքերը` Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի հետ միասին, հատկապես, երբ մենք սկսում ենք նշել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ձգտում լրացուցիչ քայլեր ձեռնարկել պաշտպանելու մեր դաշնակիցներին` Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, արտաքին հարձակումից, և աշխատում ենք էլ ավելի ամրապնդել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները»: Մեկ ընտրություն, որին մասնակցում է Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի հայտնի անդամներից մեկը, դեռ չի ավարտվել, սակայն մեր թեկնածուն առաջատար է և համաձայն հարցումների` ակնկալվում է նրա հաղթանակը: Հարկ է նշել, որ չնայած հայամետ թեկնածուները զգալի հաջողություն ունեին այս շրջանի քվեարկության ժամանակ, ամերիկահայերը կկորցնեն Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի 20 անդամների` կենսաթոշակի անցնելու, հրաժարականի, առաջնային պարտության կամ այլ պաշտոնի անցնելու պատճառով: Այսպիսով, հաջորդ Կոնգրեսի սկզբում Հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը կսկսի իր աշխատանքները Կոնգրեսի 93 անդամների հետ: