20-08-2014 11:19

ՀՀ-ի և Վրաստանի վարչապետները Հայաստանում կքննարկեն վիզային ռեժիմի մասին հարցը

Օգոստոսի 21-22-ին պաշտոնական այցով Հայաստան է կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ըստ Վրացական աղբյուրների՝ նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են քաղաքական ու տնտեսական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվելու Վրաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված իրավիճակին: Կողմերը մտադիր են քննարկել առաջացող հակասություններն ու փոխգործակցության ընդունելի ձևաչափ գտնել:
Բացի այդ, Հայաստանը ծրագրում է հարց բարձրացնել՝ կապված սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու Վրաստանի մտադրության հետ: Այդ մասին, ինչպես նախկինում հաղորդում էին, հայտարարել էր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդում էին, որ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից օտարերկրացիները՝ անկախ քաղաքացիությունից, ովքեր ցանկանում են Վրաստանում գտնվել ավելի քան 90 օր ուսման, աշխատանքի, գործնական գործունեություն իրականացնելու կամ ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով, պետք է համապատասխան վիզա ստանան վրացական դիվանագիտական ներկայացուցչությունում կամ իրենց երկրում գտնվող հյուպատոսությունում: