19-06-2014 14:13

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ (լուսանկարներ)

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերություններին և հատկապես այդ հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին: Հայաստանի Նախագահը և Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները:

Սերժ Սարգսյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը և Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար:

Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը նոր խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու կնպաստի առևտրաշրջանառության աճն ավելի համակարգված դարձնելուն:

Հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահի և Վրաստանի վարչապետի ներկայությամբ ստորագրվել են հայ-վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր»:

Վրաստանի մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցում և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում:

Ավարտելով պաշտոնական այցը Վրաստան՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան: