Բավ է պառակտվել
23-03-2015 12:24

«Վ. Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը ԱԺ մեծ օրակարգ չմտավ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած՝ «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց և մերժվեց՝ 42 «կողմ», 0 «դեմ» 1 «ձեռնպահ» քվեարկությամբ:
Մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից հանդես եկավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, թե խմբակցությունը հորդորում է նախագծի հեղինակին ողջամիտ ժամկետով հետաձգել նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու հարցը, քանի որ իրավական առումով ճշգրտումների կարիք կա:
«Եթե չհամաձայնի, մենք կքվեարկենք կողմ, որպեսզի նախագիծը մեծ օրակարգ մտնի՝ այդուհանդերձ աշխատելով ճշգրտումներ մտցնել հայտարարության տեսքի համար»,-ասաց նա:
Փոստանջյանը պնդեց, որ նախագծի քննարկումն ԱԺ-ում անհրաժեշտ է, քանի որ ՀՀ քաղաքացիները պետք է ստանան այն պատասխանները, որ Պերմյակովը անօրեն որոշումների հիման վրա գտնվում է ռուսական կողմի վերահսկողության ներքո:
«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հանձնաժողովի նիստի ժամանակ էլ ասել են, որ պաշտպանում են այս նախագիծը , սակայն կոչ են անում հետաձգել՝ ևս մեկ անգամ ուսումնասիրելու համար: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ իրավաբանական առումով նախագիծը շատ թերի է. ամեն դեպքում ՀԱԿ-ը կողմ կքվեարկի այս հարցադրումը օրակարգում ընդգրկվելուն, սակայն պետք է այն լայն կոնտեքստի մեջ քննարկվի:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ սա այն հարցն է, որին պետք է Ազգային ժողովն անպայման արձագանքի ու կրկին քննարկում կազմակերպի:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ բոլորի համար էլ պետք է ուղեցույց լինի, որ երբ օրենսդրական կարգով են հանդես գալիս, պետք է պատշաճ ուղեցույց լինի, այսինքն՝ պետք է առնվազն քննարկել խմբակցությունների, նրանց ղեկավարների հետ։

«Պետք չէ գալ նստել ու բարիդրացիական հարաբերություններ ստեղծել եսիմ ում հետ»,-ասաց նա և առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մեկ տարով:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ այս հարցը գտնվում է իրավական հարթության մեջ, դրա վերաբերյալ եղել են լսումներ, և այժմ ցանկություն չկա մասնակից դառնալ անհիմն քաղաքական շահարկումներին: ՀՀԿ-ն որոշեց չմասնակցել այս քվեարկությանը:
Նշենք, որ «Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը ԱԺ օրակարգ
մտնելը մերժել էր նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովը: