Բավ է պառակտվել
11-06-2016 08:11

Վոլինկին. «Բունդեսթագի բանաձևը հայ ժողովրդի կարևոր հաղթանակն է»

Բունդեսթագի ընդունած բանաձևը հայ ժողովրդի կարևորագույն հաղթանակն է, Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել են հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, պատգամավորներից միայն մեկն է դեմ քվեարկել, մեկն էլ` ձեռնպահ:
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունները: Կյանքը կրկին անգամ հաստատում է այդ հարաբերությունների բարձր և վստահելի մակարդակը, ժողովուրդների հոգևոր մտերմությունը»,- ասաց Վոլինկինը:
Նրա խոսքով` բազում դժբախտությունների և տառապանքների միջով անցած, սակայն ամուր և աշխատասեր հայ ժողովուրդն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ճշմարտության համար մղվող պայքարն անպայման արդարության հաղթանակի է հանգեցնում:
«Դրա վառ վկայությունն է հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևը: Կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել հայ ժողովրդին այս կարևոր հաղթանակի կապակցությամբ»,- ընդգծեց Վոլինկինը:
Նա նշեց, որ խաղաղություն կարելի է ապահովել՝ ճշմարտության և արդարության պոստուլատները պահպանելով և միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնվելով:
Բուն տոնին անդրադառնալով` Վոլինկինն ընդգծեց, որ 26 տարվա ընթացքում պետական ինքնիշխանության վերաբերյալ հռչակագրի ընդունումից հետո Ռուսաստանն ազատ ժողովրդավարական զարգացման մեծ ուղի է անցել:
«Հիմնվելով բազմադարյա պատմության փորձի և ավանդույթների վրա` Ռուսաստանն իր պատվավոր դիրքն է զբաղեցրել համաշխարհային գերտերությունների շարքում: Առանց Ռուսաստանի մասնակցության այսօր հնարավոր չէ լուծել համաշխարհային մի շարք խնդիրներ, հաղթահարել նոր մարտահրավերները, համաշխարհային անվտանգության սպառնալիքները: Ռուսաստանը պատասխանատու գործընկեր է ու վստահելի դաշնակից, որը ճշմարտությունն է ասում ցանկացած միջազգային ամբիոնից և ցանկացած լսարանի առջև», — ասաց դեսպանը: