23-03-2015 09:38

Այն վիճակն է, երբ ռազմական գործողությունները կարող են սկսվել ոչ պլանավորված. ՀՀ նախագահ

Ես անձամբ վախենում եմ պատերազմից, սակայն չեմ վախենում կռվելուց: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պատերազմի վերսկսման հավանականությանը` ֆրանսիական առաջատար France 24 հեռուստաալիքի եթերում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: «Անշուշտ հիմա այն վիճակն է, երբ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են սկսվել ոչ պլանավորված: Այսինքն` ցանկացած միջադեպ կարող է վերածվել ավելի մեծի, իսկ ավելի մեծը լայնածավալ ռազմական գործողություններն են: Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած հարձակման: Մենք պատերազմից վախենում ենք, ես անձամբ պատերազմից վախենում եմ, բայց չեմ վախենում կռվելուց»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը լրագրողի դիտարկմանն ի պատասխան նաև անդրադարձել է Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածությանը` նշելով, որ այդ համատեքստում հատկապես Հայաստանի համար ամենաանցանկալին նոր սառը պատերազմն է: «Ամենաանցանկալի բանը նոր սառը պատերազմի սկսվելն է մեզ համար, որովհետև մենք միշտ համադրել ենք Արևմուտքի և Ռուսաստանի շահերը: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ, Եվրոպայի հետ: Այսօր ունենք այդ լավ հարաբերությունները: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ, Միացյալ Նահանգների հետ: Մենք ունենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը Հայաստանին մեծ օժանդակություն է ցուցաբերում: Մեզ համար, իհարկե, ամենաանցանկալին այդ լարվածության աճն է և պատրաստ ենք ամեն ինչ անել լարումից խուսափելու համար»,-ասել է նախագահ Սարգսյանը: Այս համատեքստում լրագրողի հարցադրմանը, թե արդյոք վստահում եք Վլադիմիր Պուտինին` Սերժ Սարգսյանը նշել է. «Ես ինձ շատ կոմֆորտ եմ զգում նրա հետ հարաբերություններում»: