16-08-2016 14:57

Ռուս զինվորականները ՀՀ-ն դիտարկում են որպես դաշնակից և Կովկասում հիմնական գործընկեր. Անտոնով

Ռուս զինվորականները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից և Կովկասում հիմնական գործընկեր, երեքշաբթի լրագրողներին է հայտնել ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

«Մենք երկկողմ ձևաչափով հաջողությամբ համագործակցում ենք նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում, մասնավորապես, ՀԱՊԿ-ում, որն այս տարի նախագահում է հայկական կողմը: Ռազմական գերատեսչությունների միջև բարձր մակարդակի փոխգործակցությունը թույլ է տալիս արագորեն լուծել համագործակցության հետ կապված ընթացիկ խնդիրները և ժամանակին արձագանքել տարածաշրջանում զարգացող փոփոխություններին», -ասել է Անտոնովը:

Ըստ նրա, ռազմական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել են ավելի քան 50 պայմանագրեր և համաձայնագրեր, ինչպես նաև շարունակվում է իրավական դաշտում հետագա զարգացումը կարգավորող հիմքի աշխատանքը:

Նա նաև նշել է, որ հայ-ռուսական զինված ուժերի համատեղ խմբավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են: