Բավ է պառակտվել
21-10-2015 09:32

Ասադն այցելել է Մոսկվա և բանակցել Պուտինի հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոկտեմբերի 20-ի երեկոյան այցելել է Մոսկվա և բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հոկտեմբերի 20-ի երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա է այցելել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նեղ և ընդլայնված կազմով»,-ասել է նա:
Ըստ Պեսկովի, «բանակցությունները բավականին տևական էին, թեմատիկան միանգամայն հասկանալի»: «Բնականաբար, քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում ռուսական գործողության շարունակման հետ կապված հարցեր: ՌԴ նախագահին հանգամանորեն իրազեկել են Սիրիայում տիրող իրավիճակի, հեռանկարների մասին»,-ասել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաշար Ասադի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը որպես հիմք է ընդունում այն դրույթը, որ երկարաժամկետ կարգավորումը Սիրիայում հնարավոր է միայն քաղաքական գործընթացի հիման վրա` բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ և կրոնական խմբերի մասնակցությամբ: «Վերջին հաշվով վճռական խոսքը պատկանում է բացառապես Սիրիայի ժողովրդին»,-հայտարարել է ՌԴ նախագահը:
ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:
2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: