29-05-2015 09:51

Այսօրվա հիմնական հակառակորդը ոչ թե արյունարբու ոսոխն է, այլ հանցավոր ռեժիմը. ՀԽ

Մայիսի 28-ը վերստին բացահայտեց ապրելու բանաձևը՝ ազգերը չեն վերանում անգամ ցեղասպանության հետևանքով, եթե իրենց մեջ են փնտրում փրկության բանալին: Այդ մասին ասված է Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ «Հիմնադիր խորհրդարան»-ի կողմից տարածված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Նախ՝ այսօրվա հիմնական հակառակորդը ոչ թե արյունարբու ոսոխն է, այլ ապազգային ու հանցավոր ռեժիմը, որը մեր վրա ազդելու շատ ավելի քիչ հնարավորություն ունի: Բացի այդ, այսօրվա կյանքի որակը, սոցիալ-տնտեսական վիճակը, անկախության սերնդի առկայությունը և մի շարք այլ ներքին գործոններ դրական իմաստով էապես տարբեր են մեկ դար առաջվա համեմատությամբ: Ճիշտ է, ԵՏՄ անդամակցությամբ ռեժիմը ստալինյան մեթոդներով մարդու իրավունքները խախտելու ինդուլգենցիա ստացավ, սակայն նրա ռեսուրսները բավարար չեն բռնության համակարգ հաստատելու համար, ինչի մասին է վկայում նրա ճոճանակային տատանումը Արևմուտքի և Հյուսիսի միջև: Ռեժիմը թույլ է նաև ներքուստ, որովհետև պետական կառավարման համակարգը մտնում է իշխանության փոխանցման, ուրեմն՝ նաև ներքին պայքարի սրացման փուլ, ինչպես նաև ի վիճակի չէ դիմագրավելու ֆինանսատնտեսական ճգնաժամի, արտաքին ֆինանսավորման ընդհատման և արտաքին ու ներքին փոփոխվող իրավիճակով պայմանավորված նորանոր մարտահրավերներին:
Մյուս կողմից՝ այսօր տարածաշրջանում ուժերի և դերակատարների զգալիորեն տարբեր խճանկար է ձևավորվել: Գլխավոր տարբերությունը 20-ամյա միջազգային շրջափակումից դուրս եկող և հետզհետե հզորացող Իրանի առկայությունն է, որի հետ մեր հիմնական շահերը համընկնում են: Անշուշտ, մեզ համար զգալի խոչնդոտ է ԵՏՄ անդամակցությամբ մեր պետության կարգավիճակի անկումը, սակայն բավարար դիմադրության պարագայում մենք կարող ենք վերահաստատել մեր ինքնիշխանությունը և իրական սուբյեկտի վերածվելով՝ մեր ուրույն տեղն ու դերը զբաղեցնել տարածաշրջանում:
Սակայն այս ամենը կարող է իրականություն դառնալ միայն այն պարագայում, եթե մենք ականջալուր լինենք մայիսի 28-ին խորհրդին: Հակառակ դեպքում՝ Ցեղասպանությունից 100 տարի անց նորից կանգնելու ենք լինել-չլինելու խնդրի առաջ:
Մայիսի 28-ի խորհուրդը և Առաջին հանրապետության փորձը նաև հուշում են, որ դիմադրությունը պետք է լինի ժամանակին: Սա այն դեպքն է, երբ հապաղելը մահվան է հավասար: Եթե մենք սպասենք, ժամանակ վատնենք և հետաձգենք ընդվզումը, ապա պատմությունը կարող է 100-ամյա շրջափուլով չար կատակի նման կրկնվել: Այդ դեպքում, եթե նույնիսկ մեզ հաջողվի հեռացնել ցեղասպան ռեժիմին, օրեցօր նվազող մեր ներուժը կարող է բավարար չլիներ պետականությունը և Հայրենիքի այս վերջին կտորը պահպանելու համար:
Հիմնադիր խորհրդարանը, իրավիճակը գնահատելով որպես սարդարապատային և առաջնորդվելով պատմական պահի ճակատագրականության գիտակցությամբ, բոլոր առողջ ուժերին ու անհատներին կոչ է անում սկսել ազգային համախմբումը և քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններով ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնել սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին,  այնուհետև կազմակերպել արտահերթ ընտրություններ»: