Բավ է պառակտվել
20-07-2015 14:41

Ադրբեջանի ղեկավարությունը մեզ շատ մեծ նվեր մատուցեց.ՀՀ Նախագահ

«Անկեղծորեն եմ ասում, Ադրբեջանի ղեկավարությունը մեզ շատ մեծ նվեր մատուցեց՝ անցկացնելով Եվրոպական խաղերը Բաքվում և այդ ընթացքում ապահովելով խաղաղություն, կայունություն ինչպես շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին: Բայց ավելի ճիշտ ոչ թե խաղաղություն, կայունություն, այլ խաղաղության, կայունության խաբկանք»,- ՀՀ նախագահական նստավայրում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը պատասխանում էր հարցին, «Փաստ է, որ Ադրբեջանում տեղի ունեցած Եվրոպական խաղերի օրերին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին անդորր էր տիրում, հրադադարի խախտումներ գրեթե չնկատվեցին: Խաղերից անմիջապես հետո ականատեսը եղանք սահմանային միջադեպերի վերսկսմանը, ավելին՝ խաղերից անմիջապես հետո նախագահ Ալիևը հիշեց բոլոր հին ու նոր հաշիվները՝ մեղադրելով թե եվրոպական կառույցներին, թե առաձին երկրների, օրինակ Գերմանային, Եվրոպական խաղերը ստվերելու նպատակով հակաադրբեջանական արշավ ծավալելու, կոռումպացվածության, իսլամաֆոբիայի, նմանատիպ այլ բաներում: Ձեր մեկնաբանությունները»: Երկրի ղեկեվարը իր պատասխանում նաև նշեց. «Ինչու եմ ասում նվեր մատուցեց, որովհետև, կարծում եմ, սա վերջին կաթիլն էր, որով միջազգային հանրությունը համոզվեց, թե ով է լարվածության պատճառը, ով է լարվածություն ծնում, ում ցանկության դեպքում է, որ կարող են երիտասարդներ չզոհվել, կարող է չխախտվել հրադադարը: Սա չափազանց կարևոր է: Այստեղ, անշուշտ, դիմում եմ պարոն Տուսկին, բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից, գոնե ինչպես հունվար ամսին ԵԱՀԿ Մինսկի համանախագահները տարբերակված մոտեցում ցուցաբերեն, ասեն՝ ով է կրակողը, ով է լարվածության պատճառը, ով է պատերազմ ցանկանում, ով է պաշտպանում: Երբ որ այդ հավասարության նշանը կա, երբ որ մարդիկ անպատաժելիության զգացողություն են ունենում, մարդկանց ոտքերը գետնից կտրվում են, և ահա այդպիսի մի իրավիճակի պատճառով է, անցնում եմ հարցի երկրորդ մասին, որ Ադրբեջանի նախագահն իրեն թույլ տվեց այդպիսի ամբարտավան ելույթի հերթական դրսևորման: Մենք սովոր ենք, որ շատ դեպքերում այդպիսի լկտի ելույթները հասնում են զավեշտի: Զավեշտական չէ՞, որ մարդ, ով նախագահ է դարձել ժառանագաբար, ուրիշին մեղադրում է այլոց օգնությամբ նախագահ դառնալու մեջ: Զավեշտական չէ՞, երբ որ առավոտից երեկո այլատյացություն քարոզող մարդը Եվրոպային և ուրիշներին մեղադրում է քսենոֆոբիայի մեջ: Զավեշտական չէ՞, երբ որ հայերին աշխարհի ամենավատ մարդ համարող անձնավորությունը Եվրոպային ու Հայաստանին մեղադրում է ռասիզմի մեջ: Զավեշտական չէ՞, որ ինքն ունենալով շատ ավելի վատ հարաբերություն շատ մահմեդական երկրների հետ, Եվրոպան և Հայաստանն ունենալով շատ ավելի լավ հարաբերություն, Եվրոպային և Հայաստանին մեղադրում է իսլամոֆոբության մեջ: Այդ պատճառով եմ ասում, որ հավասարության նշանը պետք է վերացվի: Վստահ եմ, որ չնայած այն հանգամանքին, որ նաև եվրոպական կառույցներում և Եվրոպայում շատ մարդկանց համար էլ նավթի ու գազի հոտը ու նաև խավիարի համը զգլխիչ է, այնուհանդերձ մենք կգանք ճիշտ ճանապարհի: Հակառակ պարագայում, եթե այսպես շարունակվի, եթե բոլորը ներեն Ադրբեջանի նախագահի ոչ միայն խոսքերը, նաև քայլերը, ապա մենք պետք է դիմենք մեր հայտնի հայրենակցին՝ Վիլյամ Սարոյանին, ասենք՝ ժողովուրդ ինչ- որ մի տեղ ինչ- որ մի բան այն չէ»: