14-10-2016 14:48

Վլադիմիր Պուտինը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք որ հոկտեմբերի 14¬-ին Երեւանում կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները:

Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը եւ հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կդիտարկվեն մինչեւ 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության եւ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:

Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում: Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ: