Բավ է պառակտվել
09-08-2016 11:38

Վիտալի Բալասանյանն այցելել է «Սասնա ծռերի» կալանավորված անդամներին

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հանձնվելու հարցում առանցքային դերակատարությունն ունեցավ Արցախի ազգային հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծվեց հենց Բալասանյանի վարած բանակցությունների արդյունքում: Հայտնի էր նաեւ, որ Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին խոստացել էր` ինքնակամ հանձնվելու դեպքում նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվելու, եւ խոշտանգման չեն ենթարկվի:

Արցախի հերոսը խոստացել է անձամբ հետամուտ լինել, որպեսզի կտտանքները բացառվեն: Բալասանյանը երեկ վերադարձել է Երեւան եւ այցելել մի շարք քրեակատարողական հիմնարկներ` այդ թվում եւ «Նուբարաշեն»: Նա հանդիպել է «Սասնա ծռեր» խմբավորման՝ կալանքի տակ գտնվող անդամների հետ, որպեսզի նրանցից անձամբ ճշտի` արդյոք նրանց նկատմամբ բռնություններ եղել են, թե ոչ»:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հուլիսի 31–ին «Սասնա ծռեր» զինված խումբը վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին։ Այդ ժամանակահատվածում զոհվել են ոստիկանության երկու աշխատակիցներ, խմբի անդամների և իրավապահների շրջանում կան վիրավորներ։