Բավ է պառակտվել
02-10-2013 18:02

ՀՀ նախագահ. Հայաստանն պատրաստ է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում պատասխանել է ԵԽԽՎ պատվիրակների հարցերին: ՀՀ նախագահը հայտարարել է, որ Մաքսային միություն մտնելու համար Ռուսաստանի կողմից ճնշումներ չեն գործադրվել: Հայաստանը կշարունակի աշխատել Եվրամիության հետ, վստահեցրել է Ս.Սարգսյանը: Նախագահի խոսքերով` Հայաստանը նոյեմբերի վերջին կմասնակցի Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին:

Մաքսային միությունում միայն Ռուսաստանը չէ: Կան նաեւ այլ երկրներ, հիշեցրել է նախագահը: «Մենք առաջվա նման պատրաստ ենք ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելու, սակայն եվրոպացի գործընկերներն ասում են, որ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը հակասում է Մաքսային միությանը», - ասել է նախագահը:

Ավելի վաղ ակնկալվում էր, որ Հայաստանը այս տարվա նոյեմբերին «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում կնախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը, սակայն սեպտեմբերի  3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ավարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին: