10-02-2015 15:59

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Լաուրա Հակոբյանի

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանի եւ գործկոմի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ, որոնք առնչվում են հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելուն: ԱԺ փոխնախագահը նշել է, որ կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող յուրաքանչյուր խնդիր մշտապես գտնվում է խորհրդարանի, մասնավորապես կին պատգամավորների ուշադրության կենտրոնում եւ բոլոր կառուցողական առաջարկներն օրենսդրական դաշտում քննարկելու պատրաստակամություն է հայտնել: Ճյուղային արհմիության գործկոմի անդամները կարեւորել են կոլեկտիվ պայմանագրի ստեղծումը, որը կսահմանի օրենքի դրույթները, ինչպես նաեւ՝ լրացուցիչ արտոնություններ բանկային համակարգում աշխատող կանանց համար: Տիկին Նաղդալյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել կոլեկտիվ պայմանագրի ստեղծման խնդիրը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ բանկային համակարգում աշխատող կանանց իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրներին, կոլեկտիվ պայմանագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկները: