06-03-2015 08:41

Մենք հարգում ենք Գագիկ Ծառուկյանի որոշումը. Է. Շարմազանով

Գագիկ Ծառուկյանը հստակ նշել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու պատճառները։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Գոհ կամ դժգոհ լինելը քաղաքական կատեգորիա չէ։ Ընթերցել եմ պարոն Ծառուկյանի ելույթը, որտեղ հստակ նշել է պատճառները, թե ինչու է հեռանում ակտիվ քաղաքականությունից։ Մենք հարգում ենք նրա որոշումը։ Դա իր անձնական որոշումն է»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն գոհ է, որ Ծառուկյանը հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ այսօր արձանագրվեց այն, ինչ ասվում էր վերջին քսան օրերի ընթացքում։ Լրագրողների հարցին, թե ինչպես է ՀՀԿ-ն վերաբերվում ԲՀԿ նորանշանակ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե իրենք ընդդիմություն են, Շարմազանովը պատասխանեց. «Ճիշտ է, որ քաղաքականության մեջ լինեն իշխանություն եւ ընդդիմություն։ Թե ԲՀԿ-ն ինչ մարտավարություն է ընտրում, իրենց որոշումն է։ Մենք միջամտելու կարիք չունենք։ Ամեն դեպքում մեկ օրում ինստիտուցիոնալ ընդդիմություն չեն դառնում։ Կապրենք, կտեսնենք մնացածը»։