Բավ է պառակտվել
17-10-2015 20:50

ՄԻԵԴ-ի վճիռը բացասաբար կազդի ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա. Չաքրյան

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Թուրքագետ Հոկոբ Չաքրյանը այսօր անդրադառնալով վճռի էությանը, նշեց, որ այն միայն բացասական ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի վրա: Որոշ երկրներ այսօր արդեն իսկ ունեն օրենք, որով քրեորեն դատապարտում են հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն ըստ թուրքագետի, ՄԻԵԴ-ի այս որոշումից հետո այլ երկրներ կխուսափեն նման օրինագիծ ընդունել. «ՄԻԵԴ-ի այս որոշումից հետո եվրոպայում կարող են ազատ հայտարարել, որ Հայոց ցեղասպանությունը սուտ է, որ նման բան չի եղել: Սա լուրջ վնաս կհասցնի հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:ՄԻԵԴ-ը երկակի ստանդարտ է կիրառել՝ արդարացնելով Փորինչեքին»,- ասաց Հ. Չաքրյանը: Նա նաև նկատեց, որ հլոլոքոստի ժխտումը պատժելը չի համարվում մարդու իրավունքների ոտնահարում, իսկ հայոց ցեղասպանության ժխտումը պատժելը, փաստորեն, համարվում է խոսքի ազատության և մարդու իրավունքների ոտնահարում. «Եթե ժխտում ես ցեղասպանության իրողությունը, ճանապարհ ես հարթում նոր ցեղասպանությունների համար»,- նշեց թուրքագետը՝ շեշտելով ՄԻԵԴ-ի վճռի հետևանքները:
Թուրքագետը չբացառեց նաև Թուրքական կառավարության կողմից ՄԻԵԴ-ի շահասիրված լինելու փաստը.
«Թուրքիան տարեկան տաս միլիոն դոլար է ծախսում հայոց ցեղասպանության դեմ պայքարում: Եվրոպական համալսարաններում ամբիոններ է ֆինանսավորում: Պաշտոնյաներին ընտանիքնրով հրավիրում են Թուրքիա, պատվում են և նվերներով ճանապարհում»:
Նա նշեց, որ ՄԻԵԴ-ի այս վճիռը շատերի համար նախադեպ կծառայի, եթե ևս մեկը Շվեյցարիայում հայտարարի, որ հայոց ցեղասպանություն չի եղել և Շվեյցարիայի իշխանությունները նրան պատժեն՝ շվեյցարական կառավարությանը կրկին կտուգանվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:

Մարինե Բարսեղյան