Բավ է պառակտվել
17-04-2015 10:13

Թուրքիան ու Վատիկանը կկարողանան լուծել լարվածությունը. Պուտին

Ապրիլի 16-ին ամենամյա «Ուղիղ կապից» հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Վատիկանը կկարողանան լուծել լարվածությունը, որն առաջացել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո: 
«Ես չեմ ցանկանում խառնվել Հռոմի պապի տարաձայնությանը Թուրքիայի հետ։ Հռոմի պապերն այնքան հեղինակավոր են։ Ես Պապին այնքան հեղինակավոր մարդ եմ համարում աշխարհում, որ նա կկարողանա գտնել միջոց բացատրվելու մոլորակի բոլոր մարդկանց հետ՝ անկախ նրանց կրոնական պատկանելիությունից»,- ասել է Պուտինը։ 
Նախագահը հույս է հայտնել թուրք քաղաքական գործիչների խելամտության վերաբերյալ։ «Նրանք խելացի մարդիկ են և բավականին ճկուն, որպեսզի պարզեն և, եթե խնդիրներ են առաջանում, լուծեն»,- նշել է նախագահը։ 
Հիշեցնենք, որ օրերս Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապն ասել էր, որ «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է», ինչն էլ առաջացրել է Թուրքիայի իշխանությունների զայրույթը։