Բավ է պառակտվել
03-12-2017 17:11

ԱՄՆ պաշտոնապես հրաժարվել է մասնակցել միգրացիոն գլոբալ համաձայնագրին

Միացյալ Նահանգները չի միանա միգրացիայի մասին գլոբալ համաձայնագրին, որը նախատեսվում է ընդունել 2018 թվականին, քանի որ այն չի բխում երկրի շահերից:
Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը:
«Այսօր (շաբաթ օրը) Միացյալ Նահանգների ՄԱԿ-ի առաքելությունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է իր մասնակցությունը միգրացիայի մասին գլոբալ համաձայնագրին»,- ասված է հաղորդագրության մեջ: Դիվանագիտական առաքելությունը հիշեցրել է, որ ԱՄՆ համաձայնվել է մասնակցել պայմանագրի նախապատրաստման գործընթացին դեռևս 2016 թվականին, երբ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր դեմոկրատ Բարաք Օբաման: Նրա օրոք ամերիկյան կողմը միացավ Նյու Յորքյան դեկլարացիային, որն ընդունվել է 2016թ. սեպտեմբերի 19-ին: Դրանով ՄԱԿ անդամ բոլոր 193 երկրները պարտավորվում են ընդունել 2018 թվականին միգրացիայի հոսքերի կառավարման և փախստականների նկատմամբ կիրառվող միջոցների վերաբերյալ երկու գլոբալ համաձայնագիր:
«Նյու Յորքյան հռչակագիրը պարունակում է բազմաթիվ դրույթներ, որոնք չեն համապատասխանում միգրացիայի և փախստականների վերաբերյալ ԱՄՆ քաղաքականությանը, ինչպես նաև Թրամփի վարչակազմի (ներկայիս նախագահ Դոնալդի) սկզբունքներին», - ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ կօգնի միգրանտներին և փախստականներին
Մեկնաբանելով Վաշինգտոնի այս քայլը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ «Ամերիկան հպարտանում է իր ներգաղթային ծագումով», ինչպես նաև «աշխարհի միգրանտներին և փախստականներին աջակցող առաջնորդով»: «Ոչ մի երկիր չի արել ավելին, քան ԱՄՆ-ը, և մեր մեծահոգությունը կշարունակվի», - ասել է դիվանագետը: Նրա խոսքերով Ամերիկյան կողմը վճռական է ինքնուրույն որոշել իր միգրացիոն քաղաքականությունը: «Մենք ինքներս կորոշենք, թե ինչպես ավելի լավ վերահսկել մեր սահմանները և թե ում թույլ կտանք մտնել մեր երկիր»: Նյու Յորքի հռչակագրի գլոբալ մոտեցումը պարզապես հակասում է Միացյալ Նահանգների ինքնիշխանությանը », - ասել է Հեյլին:
ՄԱԿ-ի քարտուղարությունը դեռ չի մեկնաբանել ամերիկյան կողմի այս քայլը: Այս տարի, ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարեց գլոբալ տաքացման բացասական ազդեցությունները կանխելու նպատակով կլիմայի վերաբերյալ Փարիզյան միջազգային համաձայնագրից դուրս գալու մասին:
Նյու Յորքի հռչակագրում ՄԱԿ-ի անդամ պետությունները մի շարք պարտավորություններ են ստանձնել, ներառյալ «ապաստան հայցողների համար հնարավոր բացասական հետևանքները ուսումնասիրելու նպատակով» միգրացիոն քաղաքականության վերանայումը, ինչպես նաև «միգրանտների ապօրինի ներգաղթի, մարդկանց առևտրի և ծովային անվտանգությանը առնչվող`համապատասխան հանցավոր ցանցերը չեզոքացնելու նպատակով ազգային օրենսդրությունը միջազգային օրենքներին համապատասխանացնելը:
Բացի այդ, երկրները խոստացել են «պայքարել այլատյացության, ռասիզմի և փախստականների ու միգրանտների հանդեպ ցանկացած խտրականության դեմ», ինչպես նաև դիտարկել այլ երկրներից ներգաղթած անձանց ընդունելության առկա ծրագրերի ընդլայնման հարցը, նպաստել ընտանիքների վերամիավորմանը, պայմաններ ստեղծել նրանց զբաղվածության և կրթության համար:
Հռչակագրի համաձայն, 2017 թ. ապրիլին սկսվել է միջկառավարական բանակցությունների գործընթացը, որը պետք է ավարտվի 2018 թ. Միջազգային կոնֆերանսին « անվտանգ, վերահսկելի և կարգավորվող միգրացիայի վերաբերյալ գլոբալ պայմանագիր » ընդունմամբ:
ՄԱԿ անդամ պետությունները պայմանավորվել են «2018 թվականին հասնել փախստականների մասին համաշխարհային պայմանագրի ընդունմանը»: Հռչակագրում նշվում է, որ ապագա փաստաթղթի հիմքում կլինեն մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն « հյուրընկալ երկրների բեռը թեթևացնելուն, փախստականների կարիքները բավարարելուն և երրորդ երկրների ներգրավման հնարավորությունների ընդլայնման», ինչպես նաև կնպաստեն մարդկանց անվտանգ վերադարձին հայրենիք: