15-05-2014 14:20

Վարդենիկցիները վարչապետից մեծ սպասելիքներ ունեն

Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Վարդենիկ գյուղի բնակիչները, ովքեր կառավարությունից պահանջում էին պատժել Վարդենիկի ավագ դպրոցի տնօրենին և ֆիզկուլտուրայի ուսուցչին, որոնց պատճառով իրենց երեխաներն այսօր դատապարտված են ազատազրկման:

Հիշեցնենք, որ Վարդենիկի ավագ դպրոցում ուսուցչի և աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին: Ըստ պաշտոնական մեղադրանքի` «Մեսրոպ Գրիգորյանին, Աբրահամ Շահինյանին և Արկադի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 13:30-ի սահմաններում նախնական համաձայնության գալով միմյանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են ուսուցիչ Սևակ Բադալյանի հետ և ծեծի ենթարկել վերջինիս»:

«Մենք արդարություն ենք պահանջում: Իրանք էրեխեքին ծեծում են, բայց էսօր իրանց փոխարեն մեր էրեխեքն են բերդում հայտնվել»,- ասացին ծնողները:

Աշակերտների հարազատներին ընդունեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպումից հետո` աշակերտների հարազատներից Մարզպետունի Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը խոստացել է ուսումնասիրել գործը և ինդրին իրավական լուծում տալ:

«Մեծ ակնկալիքներ ունենք և վստահ ենք, որ մեր պահանջները լուծում կստանան: Իսկ եթե հարցը չլուծվի, մենք մեր տեղում չենք նստելու և ավելի խիստ քայլերի կդիմենք»,- ասաց նա: