Բավ է պառակտվել
06-06-2014 15:38

Տարածաշրջանում միշտ էլ հարգել են ուժը և արհամարհել մնացած բոլոր նվնվոցները.Վ.Խաչատրյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընացքում աստվածաբան, համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն Վարդան Խաչատրյանը տեսակետ հայտնեց, թե իրավիճակը հայության համար մարտահրավերից վեր է ածվում սպառնալիքի, քաղաքական զարգացումներն այսօր բերում են բացասական զարգացումների: «Հայերիս համար օր օրի խորացող ճեղքերը՝ կրոնական, քաղաքական ու սոցիալական, պետք է կանխել և ստեղծել դիմադրունակ մակերևույթ։ Իսկ դրա համար, լավ առիթ է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները կարգավորող պետական հանձնաժողովի աշխատանքն ու, իհարկե, անհատական գիտակցումը»,-ընդգծեց նա։ Ըստ նրա՝ սա կարևոր խնդիր է, որին պետք է մասնակից լինի յուրաքանչյուրը։ Մենք ունենք հստակ պոտենցիալ, որ կարող ենք ուժի վերածել, բայց չենք կարողանում։ «Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհում հարգում են ուժը, և հատկապես մեր տարածաշրջանում միշտ էլ հարգել են ուժը և արհամարհել մնացած բոլոր նվնվոցները»,- նշեց նա :
Վերջինս անրադառնալով Հալեպում տեղի ունեցող ծանր իրավիճակին ասաց. «Տեղեկությունները ոչ միայն հուսադրող չեն, այլև՝ ողբերգական. երեք դպրոց է ոչնչացված, երկու եկեղեցի, հայկական համայնքի որոշումը առայժմ Հալեպը լքելն ու Լաթաքիա շարժվելն է և, հավանաբար, ավելի ուշ՝ Բեյրութ։ Սա լուրջ, տևական և շատ ջուր տանող խնդիր է։ Խոսքն, ի վերջո, մայր սփյուռքի մասին է»:
Վարդան Խաչատրյանը համոզմամբ՝ նման ծանր խճանկարի մաս է Նախիջևանից ադրբեջանական բանակի առանձին ճակատի բացումը։ Վերջինս նաև շեշտադրեց, թե իր համար զարմանալի է այն, որ հայկական կողմը լուրջ պատասխան չտվեց Նազարբաևին նույն Աստանայում։