Բավ է պառակտվել
29-04-2014 15:35

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին դուր չեկավ գործընկերոջ ՛՛դիպուկ՛՛ հարցը

"Ակցիզային հարկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նախագծի համահեղինակ, հարցի հիմնական զեկուցող Վարդան Այվազյանին ակնհայտորեն դուր չեկավ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցը, թե գուցե ՀՀ պետական բյուջեի մուտքերը թանկարժեք մեքենաների մասով պակասել են, քանի որ ոչ թե մեքենաներ չեն ներկրվել, այլ դրանք բերվել են զարտուղի ճանապարհներով:

Սամվել Ֆարմանյանը նշեց, թե պետք չէ բացառել, որ նույն այդ ավտոմեքենաներն
՛՛ Այս ընթացքում ներկրվել են Հայաստան, և այդ ներկրման մեխանիկայի արդյունքում են պակասել բյուջետային մուտքերը: Եվ կարծում եմ՝ այդ մտահոգությունը փարատելու լավագույն ճանապարհը փաստական կոնկրետ տվյալների ներկայացումն է՛՛,- նշեց ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը նախագծի հեղինակները պայմանավորում են նրանով, որ պակասել են բյուջետային մուտքերը՝ 25 միլիոն դրամից կամ 60 հազար ԱՄՆ դոլարից ավելի թանկ մեքենաների ավելի քիչ ներկրման արդյունքում։ Ուստի առաջարկվում է վերացնել նման մեքենաների վրա դրված շքեղության հարկը, որը էականորեն ավելացնում է մեքենայի գինը:

Պատգամավորը հիմնական զեկուցողին նաև հարցրեց, թե միայն ակցիզային հարկի գործոնով է պայմանավորված թանկարժեք մեքենաների ներկրման նվազումը, թե այլ գործոններ կան: Օրինակ՝ այն, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ի վիճակի են կամ ցանկություն ունեն ձեռք բերել 25 միլիոն և ավելի դրամ արժողությամբ մեքենաներ, արդեն ունեն ու բավարար քանակով ունեն, իսկ քանի որ մեր հասարակության մեջ նման հնարավորություն ունեցող մարդկանց թիվը չի աճում, արդեն չկա նման պահանջարկ:

Իսկ Վարդան Այվազյանն ողջունեց այն ստանալու ցանկությունը և ավելացրեց, որ լավ կլիներ՝ ՛՛վիճակագրությունը նայեինք, երբ պետական բյուջեն պակասում էր՛՛:

՛՛Փորձեմ ասել, թե ինչով է պայմանավորած… այո՛, հենց նրանով է պայմանավորված, որ այդ տիպի ավտոմեքենայի ներկման ժամանակահատվածում, երբ մեքենայի արժեքին ավելանում է մոտ 60 տոկոս ավել գումար, մարդիկ փորձում են ավելի շատ այլ ճանապարհներով գնալ՛՛,- ասաց Վարդան Այվազյան և հավելեց, որ դիրքորոշումների խնդիր է, բայց փոփոխությունները, կրկնեց, կոնկրետ բյուջետային մուտքեր ապահովելու համար են:

Վարդան Այվազյանը նաև հայտարարեց, որ մեխանիզմը, որի մասին խոսում էր Սամվել Ֆարմանյանը ՛՛մեծ գումարների դեպքում է ավելի շատ աշխատում՛՛, իսկ Վրաստանից դրանք այլ պայմաններով Հայաստան բերելը նա բացառեց՝ ասելով, որ այնտեղ էլ կա օրենք, որ երեք տարի թանկարժեք ավտոմեքենա վաճառելու իրավունք չունեն:

՛՛Եվ եթե մենք ամեն անգամ բյուջեի մուտքերի ավելացման համար ձեռնարկենք քայլեր, հետո հակառակն անենք, համաձայնե՛ք, այստեղ մի քիչ խառնաշփոթ կարող է լինել՛՛,-հայտարարեց Սամվել Ֆարմանյանը:

Ի պատասխան՝ Վարդան Այվազյանը մեջբերեց ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը, որ առաջնահերթ է ՀՀ քաղաքացին։ ՛՛Երբ առաջնահերթ է քաղաքացին, ապա բոլոր գործիքները պետք է լինեն այդ քաղաքացու բարեկեցիկ կյանքն ապահովելու համար: Ուստի այն գումարները, որոնք տալիս ենք գովազդներին, համաձայն եմ, կտրենք, սկսենք բոլորը մեզանից: Գնանք այդ ուղիով, բայց ես Ձեզ տնտեսական մեխանիզմն եմ ասում, իջեցնում ենք հարկի չափը, գումարն է ավելանում, մենք նոր հարկատեսակ չենք ավելացնում՛՛: