25-08-2015 10:50

Մեկնարկել է Վենետիկի հանձնաժողովի ու ՀՀ կուսակցությունների միջև քննարկումը

Երևանում՝ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում, մեկնարակել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հանդիպումը Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվում է ՀՀ սահմանադրական փոփոխության նախագիծը: Հանդիպմանը ներկա են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, իրավունքի մասնագետներ: Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: ՀՀ Նախագահը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) հետ, վերջինիս նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռևս փոխհամաձայնեցված լուծումներ չկան: