10-10-2016 11:24

Վանաձորի ավագանու նիստն ընդմիջվել է. պատրաստվում են քվեարկության

Վանաձորում քիչ առաջ հայտարարվեց քաղաքապետի ընտրության մեկնարկը։ Առաջարկվել է երկու թեկնածություն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Քրիստ Մարուքյանը և ՀՀԿ-ից՝ Մամիկոն Ասլանյանը։

Ինչպես ավագանու նիստում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահը՝ քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա հենց նույն դահլիճում։ Նա նշեց, որ տպագրվել է 40 քվեաթերթիկ, այսինքն՝ ավելի շատ, քան ավագանու անդամներն են, որովհետև ընտրողները լրացուցիչ քվեաթերթիկ պահանջելու իրավունք ունեն, եթե խնդիր է առաջացել և անփութության պատճառով քվեաթերթիկն անվավեր է դարձել։

Քվեարկությունն ընթանալու է փակ-գաղտնի ընթացակարգով։

Քվեարկության ընթացքին կարող են ներկա գտնվել ավագանու բոլոր անդամները, լրագրողներ, ամեն կուսակցությունից երեք ներկայացուցիչ։

Մինչև ժամը 13։00-ն ընդմիջում է հայտարարվել։

Վանաձոր և Գյումրի քաղաքներում հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու անդրանիկ նիստին այսօր կընտրվեն Գյումրու և Վանաձորի քաղաքապետեր` ավագանու անդամների փակ, գաղտնի քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Վանաձորում ստորագրվեց «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագիր, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին է:

Քիչ առաջ Վանաձորում մեկնարկեց ավագանու անդրանիկ նիստը, որը թերևս, ամենաինտրիգայինն է, եթե նկատի ունենանք, որ համագործակցության հուշագիրը ստորագրած 3 քաղաքական ուժերը, միասին ունենալով 18 մանդատ, պետք է փակ գաղտնի քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրեն ԼՀԿ առաջին համար Քրիստ Մարուքյանին` համաձայն հայտարարության։ Սակայն կան մտավախություններ, որ 3 ուժերի ավագանու անդամներից ոմանք իրենց ձայնը կտան Վանաձորի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանին:

Եթե քվեարկության արդյունքները համապատասխանեն Հուշագրում ստորագրվածին, ապա Հայաստանում առաջին անգամ կլինի ընդդիմադիր քաղաքապետ:

Ինչ վերաբերում է Գյումրուն, ապա ՀՀ երկրորդ քաղաքի ավագանու նիստը ևս լարված է անցնելու, քանի որ երեկ, երբ Գյումրու թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովն իր նիստի ընթացքում հաստատեց Գյումրու ավագանու ցուցակը, հանձնաժողովի շենքի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիներ ԸԸՀ-ից պահանջում էին մանդատներն արդար բաշխել ու 3 քաղաքական ուժերից որևէ մեկից մանդատ չվերցնել ու տալ հանրապետականների ու քրիստոնեադեմոկրատների կազմած «Բալասանյան» դաշինքին:

Նշենք, որ 15 մանդատ տրվեց «Բալասանյան դաշինք» կուսակցությունների դաշինքին, 9-ը` «Բարգավաճ Հայաստանին», և 4-ը` ԳԱԼԱ-ին, 5-ը «Հայկական վերածնունդ» կուսակցությանը։