Բավ է պառակտվել
30-05-2017 16:56

Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակվելուց հետո համագործակցության նոր ֆորմատներ են դիտարկվում. Զանյեր

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը երեքշաբթի օրը Երևանում հայտարարեց, որ տվյալ պահին Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակվելու պատճառով ծրագրերի իրականացման և համագործակցության համար նոր ֆորմատների որոնման աշխատանքներ են տարվում:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չնայած գործադրված ջանքերին, հնարավոր չի եղել երկարաձգել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը: Գերատեսչությունը մատնանշել է այս հարցում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, որը չարաշահել է կազմակերպությունում կոնսենսուսի սկզբունքը: ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը կդադարեցնի իր աշխատանքը սույն թվականի օգոստոսի 31-ին:
«ԵԱՀԿ-ն աշխատում է կոնսենսուսի սկզբունքով և երբեք մատնացույց չի անում այն կողմին, ով խախտել է դա: Մենք երբեք նրանց չենք մեղադրում այն հարցում, որ իրենք չեն միացել որոշմանը: Բայց անձամբ ես ցավում եմ, որ Հայաստանի գրասենյակը փակվում է՝ չնայած օրակարգում առկա բազմաթիվ կարևորագույն հարցերին»,-ասել է Զանյերը:
Միևնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցումը, դա ընդամենը մի գլխի փակումն է, և փոխադարձ համագործակցության նոր ուղիների բացումը:
«Ես շնորհակալ եմ իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար, և վստահ եմ, որ մեր համատեղ ծրագրերը կշարունակվեն»,- ասել է Զանյերը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ձեռնպահ է մնացել նշելուց այն ծրագրերը, որոնցով համագործակցությունը շարունակվելու է, ընդգծելով միայն, որ տարվելու է գրասենյակի գործունեության առավել առաջնային և կարևոր ուղղությունների գնահատական:
Մասնավորապես, նա չի բացառել համագործակցության հնարավորությունը Հայաստանում ընտրական գործընթացին վերաբերող հարցերում, դիտորդական առաքելությունների և մի շարք այլ ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացնում են կացնում ԵԱՀԿ-ն և այլ միջազգային կազմակերպություններ:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ բոլոր հարցերը պետք է քննարկվեն Հայաստանի իշխանությունների հետ:
Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ 1999թ. հուլիսին Կազմակերպության մշտական խորհրդի որոշմամբ վերջին տարիներին գործել է ԵԱՀԿ գրասենյակ: 2000թ. Բաքվում բացված գրասենյակն իր գործունեությունը դադարեցրեց 2015թ. հունիսի 4-ին:
Թբիլիսիում 1992թ. բացված ԵԱՀԿ առաքելության մանդատը լրացավ 2008թ. դեկտեմբերի 31-ին: Բաքվի ապակառուցողական դիրքորոշման պատճառով մոտ ամիսներին կփակվի նաև կազմակերպության Երևանյան ներկայացուցչությունը: