Բավ է պառակտվել
09-04-2016 10:36

Ստեփանակերտում կարծում են, որ Ղարաբաղում իրավիճակն ավելի կայուն է

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, բայց նախորդ օրերի համեմատ, երբ մարտական գործողություններ են մղվել, իրավիճակը հակամարտության գոտում ավելի լավ է, կարծում են Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմում

 Լեռնային Ղարաբաղում հրադադարի առաջին չորս օրերի արդյունքներով կարելի է փաստել, որ իրավիճակն ավելի կայուն է, քան նախկինում, հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Հիմա մենք ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը դիտարկում ենք նրա համեմատ, ինչը տեղի է ունեցել ապրիլի 1-4-ին, ինչպես նաև նրա, ինչ տեղի է ունեցել վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ իրավիճակն ավելի կայուն է»,- ասել է Բաբայանը:

Միևնույն ժամանակ նա մեղադրել է ադրբեջանական կողմին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

«Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի ռեժիմի խախտումը, գնդակոծություններ շատ են լինում, այդ թվում՝ ականանետներից»,- հայտարարել է Բաբայանը:

«Ղարաբաղյան կողմից պատասխան կրակ չի եղել»,- ասել է նա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։