Բավ է պառակտվել
22-09-2016 12:29

Տեղի են ունեցել լուրջ կառուցվածքային փոփոխություններ նախարարություններում

Մի շարք նախարարություններ և գերատեսչություններ կենթարկվեն լուրջ կառուցվածքային փոփոխությունների։

Ինչպես հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ կառավարության աշխատազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, չորս նախարարություններ կանվանափոխվեն։

Նրա խոսքով` Էկոնոմիկայի նախարարությունը կանվանափոխվի ՀՀ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարությունը` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, իսկ Քաղաքաշինության նախարարությունը կդառնա կոմիտե։

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարության անվանափոխության հիմքում ընկած է շեշտադրումն այնպես, որպեսզի ներդրողները կարողանան ներկայացնել իրենց խնդիրները։

«Բիզնեսին աջակցելու համար հարկավոր է տնտեսական վերլուծություն», – ասաց նա և ավելացրեց, որ նոր նախարարությունը կշարունակի համակարգել էկոնոմիկային վերաբերող հարցերը։

Խոսելով Էներգետիկայի նախարարության անվանափոխության մասին` ՀՀ վարչապետը նշեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն, որը հիմա գործում է Գյուղատնտեսության նախարարության կառուցվածքում, կտեղափոխվի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նոր նախարարության կազմ։

Նա այս որոշումը բացատրեց նրանով, որ էներգետիկայի ոլորտում լավ կարգավորված են վերահսկողության հարցերը, իսկ ջրային սեկտորը ևս համապատասխան վերահսկողական մոտեցումների կարիք ունի։

Կարապետյանը պարզաբանեց, որ ՏՏ ոլորտը կներառվի Տրանսպորտի և կապի նախարարության կառուցվածքում, քանի որ Էկոնոմիկայի նախարարությունը դառնում է ունիվերսալ գերատեսչություն, և տրամաբանական չէ Էկոնոմիկայի նախարարության կազմում թողնել ՏՏ–ի նման սպեցիֆիկ ոլորտը։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ քննարկման փուլում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կազմում ավիացիայի վերահսկողության հարցը, որը հիմա գործում է Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում։

«Հարկավոր է ստեղծել նորմալ կառուցվածք, քանի որ հիմա կան բազմաթիվ խնդիրներ», – նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով` այժմ քննարկվում է նաև Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքից տուրիզմի ոլորտը հանելու հարցը։ Նա պարզաբանեց, որ տուրիստական ոլորտի բոլոր հարցերը կհամակարգի առանձին կոմիտեն, որը կղեկավարի կոնկրետ մարդ և որի առաջ կդրվեն կոնկրետ խնդիրներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են գոյություն ունեցող խնդիրների ու խոչընդոտների վերացմանը` զբոսաշրջիկներ ներգրավելու ու մրցունակությունն ավելացնելու համար։

ՀՀ վարչապետը նաև տեղեկացրեց, որ Քաղաքաշինության նախարարությունը կանվանափոխվի Ճարտարապետության և պատմամշակութային արժեքների պահպանության կոմիտեի։ Նա պարզաբանեց, որ այս ոլորտը կհանվի Մշակույթի նախարարության կառուցվածքից։

«Մենք չենք համարում, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունները կրիտիկական են և չենք դիտարկում դրանք որպես ինքնանպատակ», – ասաց նա ու ավելացրեց, որ կա պատրաստակամություն քննարկելու բոլոր հարցերը նախարարությունների ծրագրերի ներկայացման դեպքում` օպտիմալ կառուցվածքային մոդել ընտրելու համար։

Նա նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում կառավարոթյան կառուցվածքում կկատարվեն լրացուցիչ փոփոխություններ` ելնելով կառավարության նոր ծրագրից։

Կառավարությա նիստի ընթացքում որոշ նախարարներ ներկայացրեցին իրենց առաջարկներն ու դիտողությունները, որոնք վերաբերում են իրականացվող փոփոխություններին։