Բավ է պառակտվել
10-03-2015 11:07

Պրահայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Չեխիայի Հանրապետության Երաժշտության ազգային թանգարանում մասնակցել է Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկը, Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովան եւ Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ինչպես նաեւ չեխական կողմի ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ եւ չեխ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման համար Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային, հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման, զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովային եւ հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով: Նշենք, որ ԱԺ պատվիրակության կազմում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: