Բավ է պառակտվել
19-11-2016 13:30

Օրակարգում է Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի բացումը. կոնգրեսական

Մոտ ապագայում հայ-ամերիկյան հարաբերություններում խոշոր զարգացումներ են սպասվում, պատմել է ԱՄՆ-ի կոնգրեսական, հայկական ծագում ունեցող Ջեքի Սփիրը։

«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերություններն առավել ընդլայնվելու և նոր բնագավառներ ներգրավելու հսկայական ներուժ ունեն»,– ասել է նա:

Որպես Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, Ջեքի Սփիրը 2017-ին նախատեսում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել։

«Մոտ ապագայում Հայաստանի դեսպանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք կոնգրեսականների մեծ պատվիրակության այց կազմակերպել Հայաստան»,– նշել է նա:

Օրակարգում է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև նոր քույր քաղաքների հռչակումն ու Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի բացում։

«Ես ցանկանում եմ, որ Լոս Անջելեսից Երևան ուղիղ չվերթ բացվի նաև անձնական նկատառումներից, քանի որ համոզված եմ, որ հաջորդ տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ Հայաստան եմ այցելելու»,– ասել է կոնգրեսականը:

Սակայն հայ-ամերիկյան հարաբերությունների ոլորտում կարևորագույն խնդիրը, որը կոնգրեսական Սփիրը հույս ունի լուծել 2017 թվականին, Հայաստանին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի օգնության վերականգնում է։

«Այս հարցում ես Հայաստանի օգնության կարիքն ունեմ: Մենք ցանկանում ենք Հայաստան վերադարձնել Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի դրամաշնորհները: Դա լուրջ գումարներ են Հայաստանի համար և որքան խորը զարգանա ժողովրդավարությունը Հայաստանում, այնքան մեծ է այդ օգնության Հայաստանին տրամադրելու հավանականությունը»,– ասել է Ջեքի Սփիրը։

Հատուկ նշանակություն անհրաժեշտ է հատկացնել նաև տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Սակայն, եթե նախկինում տնտեսական համագործակցությունը հիմնականում առևտրի և ներդրումների վրա էր կենտրոնացած, տեխնոլոգիական նոր դարում անհրաժեշտ է զարգացնել գիտատեխնիկական կապերը, նշում է կոնգրեսականը։

Ըստ նրա՝ վանկալի է փոխադարձ հարաբերություններ զարգացնել Սիլիկոնե հովտի և Հայաստանի միջև, որպեսզի հայ մասնագետները այցելեն, լինի իրական գիտելիքի փոխանակում:

Ջեքի Սփիրի խոսքով, եթե նախկինում հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացան բարձրագույն կետին էին հասել 20-րդ դարի սկզբում, երբ դեսպան Մորգենթաուն փորձում էր հակազդել Հայոց ցեղասպանությանը, ապա նոր դարում անհրաժեշտ է նոր հեռանկարների հասնել։

«Ես անհրաժեշտ եմ համարում շատ ավելի ամուր հարաբերություններ հաստատել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև»,– ասել է նա՝ ավելացնելով, որ այսօր առավել քան երբևէ հզոր է Միացյալ Նահանգների հայ համայնքը և Երևանը Վաշինգտոնում ունի զորեղ դեսպան: Այդ հնարավորություններից անհրաժեշտ է օգտվել երկու կողմերին՝ զարգացնելով հարաբերությունները: