27-08-2015 15:28

«Ժառանգությունը» չի գնա նախագահի հետ հանդիպման. Ա. Մարտիրոսյանv

«Ժառանգություն» կուսակցությունը չի ընդունում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ քննարկելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Նման որոշում է կայացվել այսօր կուսակցության վարչության նիստի ընթացքում: Այս մասին նշել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Նախորդ հանդիպումից հետո մեր առաջարկները, ըստ էության, բովանդակային առումով չեն ընդունվել: Մի հոդվածի հետ կապված վատթարացում է եղել. վերպետական կառույցների, տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթներ են ավելացել: Մեզ համար ընդունելի չէ: Այս ամենը նկատի ունենալով՝ վարչությունը որոշեց չգնալ հանդիպման»,-ասել է նա: Ըստ նրա, նախագահի հրավերը չընդունելու վերաբերյալ վարչության նիստում կայացված որոշումը միասնական է: Ա. Մարտիրոսյանն ասաց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ, նիստին ֆիզիկապես չի մասնակցել, բայց կապի ժամանակակից միջոցներով քննարկումներին մասնակցել է: Նրա խոսքով, «Ժառանգություն» կուսակցությունը կողմ լինելով պառլամենտական համակարգին, գտնելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ներկայացված նախագծին ամբողջությամբ դեմ է: «Այս նախագիծը ոչ թե պառլամենտական համակարգ է առաջարկում, այլ միակուսակցությանը միտված համակարգ: Պառլամենտական համակարգի որևէ նշույլ չկա, քանի որ այն ենթադրում է մեծ ներկայացուցչականություն, գումարած դրան՝ հակակշիռների, զսպումների մեխանիզմների լայն կիրառում: Այս պարագայում մենք չունենք ոչ ներկայացուցչականություն, ոչ էլ հակակշիռների և զսպումների մեխանիզմ»,- մանրամասնեց Ա. Մարտիրոսյանը: