Բավ է պառակտվել
13-05-2015 13:16

Ռայնլանդ Պֆալցի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ներկայացվել

Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց դաշնային հողի օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ներկայացվել: Օրենսդիր մարմնի խմբակցությունները համատեղ ընդունված բանաձևում դատապարտում են Օսմանյան կայսրության արարքը, որը հանգեցրել է 1.5 մլն հայերի բնաջնջմանը: Խմբակցությունները միաժամանկ շեշտադրել են նաև այդ ամենում Գերմանիայի պատասխանատվության խնդիրը` նշելով, որ իրենք ցավում են Գերմանական ռեյխի ունեցած անփառունակ դերակատարման համար, քանի որ ունենալով հայերի սպանությունների և տեղահանման վերաբերյալ տեղեկատվություն, Գերմանիայի կառավարությունը քայլեր չի ձեռնարկել այդ ամենը կասեցնելու համար: «Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն ու Բունդեսթագի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները իրենց ելույթում հուզիչ բառերով հստակ նշեցին այս տարելիցի նշանակությունը։ Մենք բոլորս պետք է կրենք այս Ցեղասպանության պատմական պատասխանատվությունը, հատկապես գերմանական Ռեյխի ունեցած դերի ենթատեքստում։ Այդ պատճառով մենք ներկայացնում ենք այս համատեղ բանաձևը։ Խոսքը ոչ միայն զոհերին հիշելու, այլ առաջ նայելու անհրաժեշտության մասին է։ Մեր համատեղ նպատակն է հասնել հաշտության, փոխըմբռնման և ճանաչման։ Այդ պատճառով մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը»,- նշվում է բանաձևի տեքստում: Բանաձևում պատգամավորները իրենց աջակցությունն են հայտնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` միաժամանակ շեշտելով, որ հաշտեցման գործընթացի համար կարևոր է պատմության մութ էջերին առերեսվելը: «Խորհրդարանական ուժերը հավատարիմ են մնում հայ-թուրքական հաշտեցման իրենց որոշմանը։ Հենց այդ պատճառով մենք կոչ ենք անում Ռայնլանդ Պֆալցի դաշնային կառավարությանը խրախուսել 1915-1916թթ. դեպքերի առերեսմանն ուղղված բոլոր ջանքերն ու նախաձեռնությունները և հետևողական լինել Գերմանիայի պատասխանատվության բաժինը ընդունելու հարցում»,- ասվում է բանաձևի տեքստում: