Բավ է պառակտվել
18-02-2015 14:07

ՄԱԿ-ում ընդունել են ՌԴ-ի կողմից առաջարկված բանաձևը (տեսանյութեր)

Այսօր միաձայն ընդունվել է Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել «բոլոր կողմերին ապահովել համալիր միջոցների կատարումը՝ ներառյալ համապարփակ հրադադարը»: Փաստաթղթի մեջ նաև նշված է, որ «իրավիճակը Ուկրաինայի արևելյան շրջաններում կարելի է կարգավորել միայն այսօրվա ճգնաժամի խաղաղ կարգավորման միջոցով»: ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևում նաև հայտարարվում է «Ուկրաինայի սուվերենությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու» մասին: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը երախտագիտություն է հայտնել ԱԽ-ի բոլոր անդամներին բանաձևին աջակցելու համար:

Նա հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Մենք ամբողջությամբ պատրաստ ենք աջակցել ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը: Երկու կողմերն էլ պետք է ամբողջությամբ կատարեն Մինսկի պայմանավորվածությունները: Անհրաժեշտ է խուսափել Մինսկում 2015 թվականի փետրվարի 12-ին ստորագրած փաստաթղթերին հակասող միակողմանի միջոցներ ընդունելուց», - ասել է Վիտալի Չուրկինը: Չուրկինը նաև հրավիրել է հավաքվածների ուշադրությունը այն փաստի վրա, որ ԱԽ-ի որոշ պատվիրակությունները իրենց ուրույն ձևով են մեկնաբանում Մինսկի պայմանավորվածությունները: «Որոշ գործընկերներ ընտրել են իրենց համար սովորական դարձած հռետորության ճանապարհը, մինչդեռ այդ հռետորությունը հաճախ անվնաս բնույթ չի կրում: Այսօրվա պայմաններում հատկապես վնասակար են Մինսկի պայմանավորվածությունների փոփոխման փորձերը: Որոշ պատվիրակություններ սկսել են ընտրել առանձին հատվածներ և ասել, թե իրականում ինչպիսի տեսք ունեն Մինսկի պայմանավորվածությունները», - ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչը Ուկրաինայի ճգնաժամին նվիրված ՄԱկ-ի ԱԽ-ի նիստի ժամանակ: Նա հիշեցրել է, որ սեպտեմբերին Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պահպանվել հենց այն պատճառով, որ Կիևը շարունակել է գնդակոծել քաղաքները: Պատասխանելով դեպի Ուկրաինայի արևելք Մոսկվայի կողմից ուղարկվող հումանիտար օգնության վերաբերյալ արևմտյան պետությունների մեղադրանքներին՝ Վիտալի Չուրկինը ընդգծել է, որ Ռուսաստանը ամենայն լրջությամբ է մոտենում Դոնբասի բնակիչների օգնություն ցուցաբերելու հարցին: «Մենք ոչ ոքի թույլ չենք տա սեթևեթել այդ հարցում: Եթե անհրաժեշտ է օգնել մարդկանց, փրկել նրանց կյանքը, օգնել ապրել ձմեռը, ապա մենք զբաղվում ենք հենց դրանով: Եվ ես չափազանց գոհ եմ մեր կողմից ցուցաբերած օգնությունից», - ասել է դիվանագետը: Նրա խոսքով՝ ՌԴ-ի կողմից ուղարկված հումանիտար բեռը «փրկել է հազարավոր քաղաքացիական անձանց կյանքեր Դոնեցկում և Լուգանսկում շրջափակման, գնդակոծման և փաստացի պաշարման պայմաններին, որոնք ստեղծվել են կիևյան իշխանությունների կողմից»: «Մենք անընդմեջ կոչ ենք արել Ձեզ համագործակցել մեզ հետ այդ օգնության կազմակերպման հարցում, իսկ Դուք անընդհատ հրաժարվում էիք», - հիշեցրել է Չուրկինը՝ դիմելով Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևին: ՌԴ-ն առաջադրել է ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի համապատասխան նախագիծը փետրվարի 13-ին: Այն ուղղված է Մինսկի պայմանավորվածությունների աջակցմանը և կատարմանը: Փետրվարի 12-ին Մինսկում Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների բանակցություններից հետո հակամարտության կողմերը՝ ուկրաինական իշխանությունները և ապստամբները, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ ստորագրել են փետրվարի 15-ից հրադադար, ծանր զինատեսակների նահանջ, ինչպես նաև անվտանգության գոտու ստեղծում ենթադրող փաստաթուղթը: