03-03-2016 12:59

ՆԱՏՕ-ում չի քննարկվել ԼՂ-ում խաղաղապահ զորքեր տեղակայելու հարցը. Էլգերսմա

Լեռնային Ղարաբաղում ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերի տեղակայումը կարող է պայմանավորվել միայն քաղաքական որոշմամբ: Այս մասին ասաց ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆան Էլգերսման՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ տարածաշրջանային նոր իրավիճակում, երբ լարվել են ռուս-թուրքական հարաբերությունները, ՆԱՏՕ-ն խաղաղապահ զորքեր տեղակայի Լեռնային Ղարաբաղում՝ հավասարակշռություն ապահովելու համար: 
«Ես չեմ լսել որևէ առաջարկի մասին՝ խաղաղապահ զորքեր տեղակայելու վերաբերյալ: Եթե հարցը քաղաքական ճանապարհով չլուծվի, քաղաքական որոշում չլինի, տեղադրման մասին խոսք գնալ չի կարող: Իհարկե, մեր նպատակն է աջակցել այդ գործընթացին, բայց մենք ՆԱՏՕ-ում չենք քննարկել այս հարցը: Քանի դեռ քաղաքական որոշում չկա, իրավիճակը չի կայունացել, մենք որևէ նման առաջարկություն անել չենք կարող»,- նշեց Շտեֆան Էլգերսման: ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատուն նշեց, որ այս հարցով ՆԱՏՕ-ին պետք է դիմի երկրի ղեկավարությունը՝ համապատասխան որոշման արդյունքում, իսկ նման որոշում իրեն հայտնի չէ: