01-10-2017 13:25

Կատալոնիայում մեկնարկել է Իսպանիայից անկախացման հանրաքվեն (Տեսանյութ)

 

Կատալոնիայում մեկնարկել է Իսպանիայից անկախացման հանրաքվեն: Իրավիճակը լարված է:Որոշ տեղամասերում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ:
Պաշտոնական Մադրիդը քվեարկությունն օրենքից դուրս է հայտարարել, և ամեն կերպ փորձում է խոչնդոտել դրան: Երեկվա «լռության օրը» արտասովոր աղմկոտ ստացվեց: Մասսայակա բողոքի ակցիաներ, պայքար ընտրատեղամասերի համար: Այն տեղամասերում, որոնք հաջողվել է պահել, այսօր բավականին մարդաշատ է:
Չնայած վատ եղանակին, մարդիկ քվեարկելու համար պատրաստ են ժամերով կանգնել ընտրատեղամասերի մոտ: Մադրիդյան իշխանություններն անում են ամեն հնարավոր բան՝ հանրաքվեն արգելելու համար: Շատ տեղամասերում այսօր քվեարկությունը կամ առհասարակ չմեկնարկեց, կամ մեկնարկեց ուշացմամբ: Արդեն տեղի են ունեցել մի քանի բախումներ ոստիկանության հետ: Բարսելոնայում կա տուժած:


Ժիրոնայում քաղաքացիական գվարդիայի ջոկատներ են կուտակվել այն ընտրատեղամասի մոտ, որտեղ պետք է քվեարկի կատալոնական կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը: Ընտրատեղամասն արգելափակված է: Հավաքվածները վճռական են տրամադրված:
«Ես այստեղ եմ, որպեսզի պաշտպանեմ քվեարկելու իմ իրավունքը: Կտեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն, և կորոշենք հետագա անելիքները»,- ասել է ընտրողներից մեկը:
« Մենք այստեղ ենք, և ուզում ենք հանրաքվեում արտահայտել մեր դիրքորոշումը: Շատերը դրա համար ողջ գիշեր անց են կացրել ընտրատեղամասերում»,- ասել է տեղաբնակ կինը:
Ընտրելու իրավունք ունի ավելի քան հինգ միլիոն քաղաքացի: Իսպանական ոստիկանությունն արգելափակել է Կատալոնիայի գրեթե բոլոր ընտրատեղամասերը: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Դպրոցներից մեծամասնությունում, որտեղ պետք է տեղի ունենար հանրաքվեն, անջատված է ինտերնետը: Ուժայինները բռնագրավում են քվեատուփերը: Կան ձերբակալվածներ և տուժածներ:
Հանրաքվե անցկացնելու որոշում Կատալոնիայի խորհրդարանը կայացրել է սեպտեմբերի 6-ին: Նույն օրը տեղական կառավարությունը ստորագրել էր համապատասխան հրամանագիր: Մադրիդը քվեարկությունն ապօրինի էր որակել: Սահմանադրական դատարանը կասեցրել էր բոլոր փաստաթղթերը: Դրան հաջորդած ողջ ընթացքում Կատալոնիայում շարունակվում էին ինքնորոշմանն աջակցություն հայտնող մասսայական ակցիաները, դրանց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ինքնավարության իշխանություններն արդեն հայտարարել են. Եթե անկախությանը կողմ քվեարկի հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը, ապա դրա մասին կհայտարարվի 48 ժամվա ընթացքում: