Բավ է պառակտվել
30-03-2015 08:12

Գյումրիում դանակահարել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամին

Գյումրիի Թատերական հրապարակում անցած «Հարյուրամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ընթացքում պատահար տեղի ունեցավ. հանրահավաքի մասնակիցներից մեկը դանակահարվեց: Երիտասարդների մի խումբ անընդմեջ փորձում էր խանգարել հանրահավաքի անցկացմանը. երիտասարդները սուլում էին և, հրապարակով տեղաշարժվելով, փորձում էին վիճել ակցիայի մասնակիցների հետ: Հրապարակի տարածքում հերթապահող ոստիկանները որևէ կերպ չարձագանքեցին տվյալ գործողություններին: Նրանք միջամտեցին միայն այն պահին, երբ երիտասարդները սկսեցին հավկիթներ նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ: Հանրահավաքի մասնակիցներից մի քանիսը փորձեցին հետապնդել երիտասարդներին, և հենց այդ պահին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչյա Միրզոյանին դանակահարեցին: Նրա խոսքով՝ ոստիկանները, և ինքը՝ Միրզոյանը, վազեցին երիտասարդների հետևից: Երիտասարդներից մեկը, ըստ երևույթին զգալով, որ Միրզոյանը ճանաչել է իրեն, դանակահարեց հանրահավաքի մասնակցին և փախուստի դիմեց: Հրաչյա Միրզոյանին տեղափոխեցին Գյումրիի բուժկենտրոն: Բուժկենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ նրան վիրահատեցին: Խաչատրյանի խոսքով՝ զննման արդյունքում պարզվել է, որ հիվանդը որովայնի հատվածում վնասվածք է ստացել և վիրահատվելուց հետո նրան կտեղափոխեն վերակենդանացման բաժին: