Բավ է պառակտվել
07-07-2017 18:47

Համբուրգում մեկնարկել է Պուտինի և Թրամփի առաջին առանձին հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումն անցնում է Համբուրգի ցուցադրությունների կենտրոնի (Համբուրգ Մեսե) առաջին հարկում գտնվող բանակցությունների համար նախատեսված սենյակներից մեկում:
«Մենք նախագահ Պուտինի հետ արդեն քննարկել ենք բազմաթիվ տարատեսակ հարցեր, և այժմ կշարունակենք մեր զրույցը: Անհամբերությամբ սպասում ենք մեր երկրների միջև բազմաթիվ դրական իրադարձությունների: Ինձ համար Ձեզ հետ հանդիպելը մեծ պատիվ է»,- ինչպես վկայում է հեռարձակված տեսանյութը, ռուսաստանյան կոլեգայի հետ հանդիպումից առաջ այս մասին հայտարարել է Թրամփը:
Պուտինն իր հերթին նշել է, որ իրենք Թրամփի հետ արդեն մի քանի անգամ հեռախոսով քննարկել են կարևոր հարցեր .« Իհարկե, հեռախոսազրույցները բավական չեն: Եվ եթե մենք ցանկանում ենք լուծել երկկողմանի խնդիրները, և միջազգային օրակարգի առավել սուր հարցերը՝ նման անձնական հանդիպումներն անհրաժեշտություն են»,- ընդգծել է ՌԴ նախագահը: Պուտինը վստահություն է հայտնել, որ սպասվելիք բանակցությունները« դրական արդյունք կբերեն»:
Հանդիպման սկզբին Պուտինն ասել է, որ ուրախ է նձամբ ծանոթանալ Թրամփի հետ, և հույս ունի, որ հանդիպումը դրական արդյունք կբերի:
Երկու երկրների նախագահների հանդիպումն անցնում է ընդլայնված կազմով: Բացի երկրների ղեկավարներից հանդիպմանը մասնակցում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Բանակցություններից առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:
Հանդիպման նախաշեմին Թրամփն իր Twitter-յան էջում գրել էր, որ շատ բան պետք է քննարկվի:
Նախքան անհատական հանդիպումը նախագահները ողջունել են միմյանց գագաթնաժողովի մեկնարկի ժամանակ. « Պուտինն ու Թրամփը միմյանց ձեռք են սեղմել G20-ի գագաթնաժողովի կուլիսներում, և հաստատել են սպասվելիք հանդիպումը»,- պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հանդիպման պատճառով երկու նախագահներն էլ բաց են թողնում գագաթնաժողովի՝ կլիմայի և էներգետիկայի խնդիրներին նվիրված երկրորդ նիստը: Կլիմայական փոփոխություններին վերաբերող օրականգը այն բազմաթիվ կետերից է, որոնց շուրջ նախագահ Թրամփը հակասություններ ունի «քսանյակի» մյուս անդամների հետ: Հունիսին նա հայտարարել էր Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Հուլիսի 7 –ին առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի իր գործընկերների հետ ընդունել է մի հայտարարություն, որում « հնգյակի» երկրները միջազգային համայնքի բոլոր մասնակիցներին փարիզյան համաձայնագրի համատեղ կատարման կոչ են արել:
Այն, որ Պուտինն ու Թրամփը առանձին, լիարժեք հանդիպում կունենան «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, կողմերը վերջնականապես համաձայնեցրել էին միայն հուլիսի 4-ին: Նախագահ Պուտինի գրաֆիկում այդ հանդիպման համար նախատեսված է մեկ ժամից փոքր ինչ ավելի:
Սպիտակ տան և Կրեմլի ներկայացուցիչները լրագրողներին ասել են, որ քննարկվելու է Սիրիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, նախագահները կքննարկեն Սիրիայի « առանց թռիչքի գոտիների», ինչպես նաև անվտանգության համատեղ մեխանիզմների ստեղծման հարցը: Իսկ, թե զրույցի ընթացքում ինչ հարցեր է բարձրացնելու Թրամփը՝ հայտնի չէ նույնիսկ նրա խորհրդականներին: Այդ մասին հուլիսի 7-ին հաղորդել է , «The New York Times» պարբերականը՝ հղում անելով նրա աշխատակազմում ունեցած աղբյուրներին:
Հանդիպման նախօրեին Լեհաստանում Թրամփը հանդես եկավ կոշտ ճառով: Իր ելույթում նա չի բացառել, որ Ռուսաստանը կարող էր միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին: Այն, որ ռուսաստանյան իշխանությունները հաքերային հարձակումներ են ձեռնարկել ԱՄՆ-ի դեմոկրատական ինստիտուտների վրա՝ վստահ էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման: Դոնալդ Թրամփը Ռուսաստանի վերաբերյալ շատ զգուշորեն էր արտահայտվում, բայց, չնայած դրան, ուրբաթ օրն իր Twitter-յան էջում գրել էր, որ «անհամբերությամբ» է սպասում Պուտինի հետ հանդիպմանը:
Հունվարի 20-ից՝ Թրամփի երդմնակալության օրվանից, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները շփվել են միայն հեռախոսով (երեք անգամ): Սակայն, ինչպես ցույց են տվել «ՌԲԿ»-ի (РБК) ուսումնասիրությունները, միմյանց հանդեպ նախագահների և պետությունների փոխադարձ հետաքրքրվածությունը մեծ է: Վերջին կես տարում այլ պետություններից ավելի հաճախ Պուտինն ու Թրամփը հիշատակել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի անունները: