25-04-2015 09:00

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը ողջունել է Նախագահ Օլանդին և նշել, որ իր համար մեծ պատիվ է կրկին հյուրընկալել Ֆրանսիայի Նախագահին Հայաստանում, որտեղ նա անչափ սպասված ու սիրված հյուր է: Սերժ Սարգսյանն իր խոսքում շնորհակալությամբ է հիշել մեկ տարի առաջ Ֆրանսիայի Նախագահի հայտարարությունը՝ այս օրը Հայաստանում հայ ժողովրդի կողքին լինելու և ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի նման պետության հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու համար, որի հիմքում այսպիսի քայլերն են: Նախագահը նշել է, որ շատ բարձր է գնահատում պարոն Օլանդի այսօրվա ելույթը և դրա միջոցով աշխարհին հղված նրա ուղերձները, առանց որոնց ոգեկոչման այսօրվա միջոցառումները լիարժեք չէին լինի: Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, թե այնպիսի զգացողություն ունի, որ Երևանում պատմական իրադարձության մասնակցեց. պատմական, որովհետև 100-րդ տարելիցն էր Հայոց ցեղասպանության: Պատմական, որովհետև միջոցառման բոլոր մասնակիցները խաղաղության և հույսի ուղերձ հղեցին այն ազգերին, որոնք պատմության ընթացքում ճնշվել են ու դառնություններ կրել: