24-02-2015 10:24

Դոնեցկում սկսել են ետ քաշել ծանր զինատեսակները

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը փետրվարի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով 9:00-ին սկսել է շփման գծից ծանր զինատեսակների ետ քաշելը: Այդ մասին հայտնել է աշխարհազորի կորպուսի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը: Նրա խոսքով նախատեսվում է մեկ օրում ետ քաշել ռազմական տեխնիկայի 96 միավոր: «Ընդհանուր առմամբ ծրագիրը հաշվարկված է երկու շաբաթվա համար՝ սկսած փետրվարի 22-ից, ինչպես և նշված է Մինսկի արձանագրության մեջ: Այսինքն, այսօրվանից սկսած 12 օրվա ընթացքում», - նշեց Բասուրինը: Նա նաև պարզաբանեց, որ զինատեսակները ետ են քաշվում նաև այնպիսի կետերում, ինչպիսիք են Դեբալցևոն, Գորլովկան, Դոնեցկը, ինչպես նաև շրջանի հարավում: Միևնույն ժամանակ Բասուրինը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ուկրաինական կողմը նույնպես սկսել է ետ քաշել իր ծանր զինատեսակները: Փետրվարի 21-ին ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների առաջնորդներ Ալեքսանդր Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին համապատասխանաբար ստորագրել են շփման գծից կողմերի ծանր զինատեսակները ետ քաշելու մասին ծրագիր: Այդ Մինսկի պայմանավորվածությունների հիմնական պայմաններից մեկն էր, որը ձեռք էր բերվել «նորմանդական քառյակի» առաջնորդների (Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի) բանակցությունների արդյունքում փետրվարի կեսին: Հանդիպման արդյունքում նաև զինադադարի մասին համաձայնագիր էր կնքվել: Այն գործում է Ուկրաինայի արևելքում փետրվարի 15-ից, սակայն հակամարտության կողմերը բազմիցս հայտարարել են հրադադարի խախտման դեպքերի մասին: